Ի՞նչ են խոսել Արարատ Միրզոյանն ու Դավիթ Տոնոյանը

«Ես շարունակում եմ տեսնել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Լրագրողները հետաքրքրվել էին` կա՞ն այլ թեկնածուներ, որոնց թեկնածությունն արդեն քննարկել են:

Հիշեցնենք, Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառում էր արել այն մասին, որ կցանկանար ներկայումս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանին տեսնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Դավիթ Տոնոյանը պատասխանել էր այդ գրառմանն`ասելով, որ չի պատրաստվում որեւէ պաշտոնի առաջարկի արձագանքել: Արարատ Միրզոյանն ասաց`չի հասցրել հետեւել Դավիթ Տոնոյանի արձագանքին, բայց. «Հանդիպում Դավիթ Տոնոյանի հետ, ես ունեցել եմ, մինչեւ այդ գրառումը»:

«Ապագա կառավարության մասին որեւէ հարց չի քննարկվել, անուններ չեն շրջանառվել։ Քննարկել ենք օրենսդիր մարմնում մեր աշխատանքի վերաբերյալ որոշ դետալներ»,- ասաց Արարատ Միրզոյանը`«Ելք» խմբակցության եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Հիշեցնենք, «Ելք»-ն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը`վարչապետի պաշտոնում: «Վստահ եմ, որ մեր պետության եւ պետականության համար մտահոգ բոլոր պատգամավորները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին։

Վստահ եմ, որ խնդիր չենք ունենալու»,–ասաց Արարատ Միրզոյանը։

Հարցին`«Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրությունների «Ելք»-ի հե՞տ է գնալու, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Շտապում եք այդ հարցը տալ»:

Աղբյուրը՝ aravot.am