Քիչ առաջ ավարտվեց ՀՅԴ-ի եւ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որեւէ տարաձայնություն չի եղել, հակադրության մասին խոսք չկա: «Մենք հասկանում ենք, որ կա անհրաժեշտություն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու, դրանից հետո մտքեր փոխանցեցինք փիլիսոփայության շուրջ, որ պետք է աշխատանքային համերաշխության մթնոլորտ ստեղծենք: Սա մաքուր քաղաքական խոսակցություն է եղել՝ իրավիճակի գնահատման վերաբերյալ»,- նշեց նա: Ըստ նրա՝ որեւէ պայմանավորվածություն հետագա գործողությունների կամ պաշտոնների հետ կապված չի եղել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ Դաշնակցությունը միշտ էլ միակամ է եղել ու վարչապետի պաշտոնում սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին նա նշեց քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Ռուստամյանն ասաց, որ սկզբունքային տարբերություններ, ըստ էության, իրենց մոտ չկան, ինչը հուսադրող է:
«Ոգեւորող է, որ լուրջ տարաձայնություններ այդ առումով գոյություն չունեն: Բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած եղանակով: Արտահերթ ընտրությունները եւս պետք է ընդունեն Սահմանադրության դրույթները: Ժամկետները պետք է լինեն ողջամիտ, պետք է կարողանանք միասին, համախոհությամբ բոլոր հարցերը լուծենք»,- ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ պետք է այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքները որեւէ մեկի մոտ կասկած չեն հարուցի: «Մենք խոսել ենք Փաշինյանի հետ, որ այս ամենի նպատակն ինքնանպատակ չէր, որ արտահերթ ընտրություններ լինեին հնարավորինս շուտ»,- նկատեց պատգամավորը:
Ժամկետի մասին Ռուստամյանը ոչինչ չասաց: «Բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն, այն մեխանիզմները, որ ամրագրում ենք, որ վերահսկեն կեղծիքները, կաշառքները, պետք է կատարենք, ամրագրենք, ռեյտինգային համակարգը պետք է վերացվի»,- նշեց նա: Արմեն Ռուստամյանը նաեւ հայտարարեց, որ Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր:
Աղբյուրը՝ armtimes.com