Արդեն կասկած չկա` ՀՅԴ-ն պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Եթե նախօրեին Դաշնակցությունն ասում էր` ամենայն հավանականությամբ կպաշտպանի Փաշինյանին, ապա այսօր արդեն պաշտոնական հայտարարություն է տարածել։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում պաշտպանելու մասին։

«Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։

Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։

Ապրիլի 28–ին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի` երկիրը հետագա ցնցումներից զերծ պահելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am