Վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին ՀՀԿ-ի որոշումը վատ չէ, բայց լավ էլ չէ. Փաշինյան

ՀՀԿ խմբակցության որոշումը վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին վատ չէ, բայց լավ էլ չէ: Այս մասին քիչ առաջ Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին: Ես ուզում եմ ասել, որ պատրաստակամ եմ հանդիպել ՀՀԿ-ական բոլոր պատգամավորների հետ միաժամանակ, որ հավաստիացնեմ նրանց, որ երբ մենք ասում ենք, որ փակում ենք ատելության էջը, ասում ենք լրջորեն: Եվ եթե իրենք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ»,- ասաց Փաշինյանը:

Նա հույս է հայտնել, որ այլ քաղաքական ուժերն ու գործիչները չեն փորձի անգամ գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետեւ դա, ըստ Փաշինյանի, կբերի այդ գործիչների եւ ուժերի դուրս մղմանը ՀՀ ներքաղաքական դաշտից.«Չնայած պրոցեսներն ընթանում են մեզ հարմար բարենպաստ ուղիով, վաղը ժամը 12.00-ից Հայաստանի ողջ տարածքով, Երեւանում վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են»: