Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառումէր կատարել՝ նշելով, որ «պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը»։
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը արձագանքել է պատգամավորի գրառմանը.
«Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել»:
Տոնոյանը ընդգծել է նաև, որ ինքը շարունակում է իր ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում:
Խոսելով որևիցե քաղաքական ուժի հետ հանդիպման կամ քննարկման մասին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը ասել է.
«Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ»:
Աղբյուրը՝ hetq.am