ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասել է. «Կարծում եմ, որ սա իսկապես մեր հասարակության և երիտասարդության նոր մի զարթոնք է, որի էներգիան պետք է ուղղել երկրում առկա պրոբլեմները հնարավորինս արագ հանգուցալուծելուն և թռիչքաձև զարգացում ապահովելուն համախոհության մթնոլորտում»:
Չի կարող պատահել. սա այն նույն Աղվան Վարդանյանն է, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաները էական ազդեցություն չեն ունենալու, որ կա լեգիտիմ իշխանություն, Սերժ Սարգսյանը անպայման պաշտոնավարելու է, իրենք էլ վայելելու են իշխանության բարիքները:
Իհարկե, Դաշնակցության քամելեոնատիպ էությանը նոր չէ, որ պետք է ծանոթանային: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՅԴ-ն Արմեն Ռուստամյանի շուրթերով հայտարարեց, թե կուսակցությունը ապօրինի է համարում փողոցների շրջափակումը:
Իսկ հիմա արդեն համաժողովրդական այս ալիքը, որն իրենք սպառնում էին ուժային միջոցներով լուծել, հասարակության զարթոնք են համարում: Կարելի է գրազ գալ, որ մի 10 տարի անց դաշնակցական գրքերում կկարդանք այն մասին, որ Սերժ Սարգսանի հաճախորդ հանդիսացող ՀՅԴ-ն է Սերժ Սարգսյանի դեմ ժողովրդական ընդվզումը նախաձեռնել, գլխավորել, որ իրենց շնորհիվ է այդ հեղափոխությունը կատարվել, քանի որ բնույթով հեղափոխական են:
Միայն թե չգիտեն, որ ձեռագրերը չեն այրվում. ՀՅԴ-ն արդեն վաստակել է հայ հասարակության բացարձակ արհամարանքը. բոլորն էլ գիտեն, որ այս կառույցը ինչպես կարող է մի օրվա մեջ հարյուր կարծիք փոխել՝ հանուն պաշտոնների:
Աղբյուրը՝ hayastan24.com