Չինաստանի առևտրի նախարար Ժոն Շանը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտասահմանից պողպատի և ալյումինի ներկրման համար նոր մաքսատուրքեր սահմանելու որոշումը, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում «հաղթողներ չեն լինելու»:
Ինչպես նշում է The Guardian-ը, քննադատելով Սպիտակ տան որոշումը՝ նախարարն ընդգծել է, որ «Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմն աղետ կլինի համաշխարհային տնտեսության համար»:
Հիշեցնենք, որ Թրամփի որոշման համաձայն՝ արտասահմանից ներկրվող պողպատի համար սահմանվել է 25%, իսկ ալյումինի համար՝ 10% մաքսատուրք:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Թրամփի վիճահարույց որոշման թիրախում առավելապես Չինաստանն է, որը պողպատի խոշորագույն արտահանողներից է: Մինչդեռ ԱՄՆ-ը պողպատի ամենամեծ ներկրողն է: Նախորդ տարի երկիրը 35 մլն տոննա չմշակված պողպատ է ներկրել:
Չինաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր՝ Միացյալ Նահանգների կողմից թիրախավորված շահերը: Առևտրի նախարարը մանրամասնել է, որ Չինաստանն առևտրային պատերազմի կողմնակից չէ ու երբեք այն չի հրահրի:
«Առևտրային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել: Այն միայն աղետ կբերի Չինաստանին, ԱՄՆ-ին ու ամբողջ աշխարհին»,- ասել է չինացի պաշտոնյան:
Աղբյուրը՝ tert.am