Կալիֆոռնիական Sacramento Bee պարբերականը հոդված է հրապարակել, որում պատմել է նահանգում հասարակական կյանքի վրա հայ-թուրքական հարաբերությունների ազդեցության մասին:
«Կալիֆոռնիայի օրենսդիր իշխանությունը կարգավորում է քաղաքականությունը նահանգի մոտ 40 մլն բնակիչների համար: Աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը լինելով՝ մենք փորձում ենք ազդել միջազգային հարթակի խնդիրների վրա մեր սահմաններից հազարավոր մղոններ հեռու. Հայաստանի և 1,5 մլն հայերի Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լարված հարաբերությունները մնում են օրակարգում»,- գրում է պարբերականը:
Նշվում է, որ Կալիֆոռնիայում ապրում է հայկական ամենամեծ համայնքը, իսկ Լոս Անջելեսում ընդունված է բանաձև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ Կալիֆոռնիայի համալսարանը հրաժարվել է ավելի քան 70 մլն դոլարի թուրքական պարտատոմսերից և ներդրումներից:
Աղբյուրը՝ 1in.am