Արմեն Սարգսյանը փոխեց իրավիճակը

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է ըստ էության ձևական, արարողակարգային կառույցի:

Սարգսյանի այս հայտարարությունն ունի առերևույթ ֆորմալ և ոչ ֆորմալ կողմեր: Առերևույթ Սարգսյանը մատնացույց է անում Սահմանադրությամբ այդ պաշտոնին վերապահված իրավասությունները, որոնք իրապես ամենևին էլ քիչ չեն և շոշափում են նույնիսկ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի նշանակման տիրույթը: Սակայն ավելի հետաքրքիր է ոչ ֆորմալ կողմը՝ հատկապես նկատի առնելով այն, որ Հայաստանում կառավարումը ավելի ոչ ֆորմալ երևույթ և գործընթաց է, ինչն էապես պայմանավորված է իշխանության ձևավորման մեխանիզմով, որտեղ նախկինում հիմնական դերը կատարում էր ուժը, այժմ՝ փողը, ինչից էլ Հայաստանում ձևավորվում է կապիտալի իշխանություն:

Ըստ այդմ, իշխանական կշիռը Հայաստանում որոշվում է կապիտալի կշռով, իշխանության սահմաններն ու գծերը որոշվում են կապիտալի սահմաններով ու գծերով: Իսկ Արմեն Սարգսյանն այդ տեսանկյունից ունի բավականին մեծ «լծակներ», և ավելին՝ նա հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Հայաստան ներդրումներ ներգրավելու, ասել է թե՝ իր լծակներն ընդլայնելու համար:

Խնդիրն այստեղ այն չէ, որ այդպիսով Սարգսյանը կփորձի ավելացնել իր հանրային կշիռը և ըստ այդմ՝ դարձնել այն իր պաշտպանական ամրություններից մեկը: Դա իհարկե ունի իր դերը, սակայն ներդրումների ներգրավումը Արմեն Սարգսյանի համար ունի անշուշտ այլ նպատակ՝ որքան շատ լինեն նրա ներգրաված ներդրումները, այնքան շատ կարող է լինել նրա կշիռն ու ազդեցությունը Հայաստանի համակարգային խաղում:

Այստեղ է ձևավորվում Սարգսյանի նախագահական իշխանությունը. ամեն ինչ առավել քան պարզ է: Նաև դրանով է, որ Արմեն Սարգսյանն առանցքային կերպով տարբերվում է հնարավոր բոլոր մյուս թեկնածուներից, որոնց կարող էր առաջադրել Սերժ Սարգսյանը: Նրանց դեպքում նախագահական պաշտոնն իսկապես կվերածվեր արարողակարգի, ու ոչ այն պատճառով, որ ֆորմալ այդպես է, այլ որովհետև խոշոր հաշվով ցանկացած պաշտոն կախված է նաև այն զբաղեցնողից:

Միևնույն ժամանակ հենց այս առումով է առաջադրումը դառնում հետաքրքիր, այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը փաստորեն չցանկացավ, որ նախագահի պաշտոնը վերածվի արարողակարգայինի: Ինչո՞ւ: Զուտ Արմեն Սարգսյանին, այսպես ասած, ներդրումներ ներգրավելու հարցում մոտիվացնելու և դրանով նաև սոցիալ-տնտեսական լարվածության մեղմացման, նաև համակարգի արտաքին լեգիտիմության լրացուցիչ կամ հավելյալ միջոց ապահովելո՞ւ համար, թե՞ առավել խորքային ու ընդգրկուն քաղաքական սխեմաների:

Աղբյուրը՝ 1in.am