Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ԶԼՄ-ներում հրապարակված Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից, ուղարկվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ «ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով»:
Իրավապահների ուշադրությունն արժանացել է անցած ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատգամավորի հետևյալհայտարարությունը․ – «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են։ Դա իշխող կուսակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դա իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքը զբաղվել է այնտեղ լոբբիզմով, և մենք փաստեր էլ ունենք, Դաշնակցությունը․․․ և այն քաղաքական ուժերը, ում ուղղակի մեկին ծեծելով, մեկին կաշառելով, մեկին գայթակղելով բերել են այս ճամբար»։
Զուրաբյանն այդ օրը ավելին չասաց՝ լրագրողի ճշտող հարցին արձագանքելով, թե փաստերը կհրապարակեն:
Իրավապահների այս նախաձեռնությանը կողմ է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը․ – «Պարզվելու դեպքում պետք է պատասխանատվության համապատասխան քայլեր արվի՝ եթե իրականություն կա: Պարզապես ես հումորով եմ վերաբերվում դրան: Իսկ չպարզվելու դեպքում, ինձ թվում է, որ համապատասխան միջոցներ պետք է ձեռք առնվի նման հայտարարություն անողի նկատմամբ: Պատասխանատվության ինստիտուտը պետք է գործի, հակառակ դեպքում, եթե չի գործում այդ ինստիտուտը, դրանք կարող են լինել շարունակական»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Զուրաբյանի քաղաքական հայտարարությանն իրավական ընթացք տալը ճնշում է ընդդիմության նկատմամբ․ – «Խոշոր հաշվով Սահմանադրությունը հստակ պատգամավորին ազատում է քաղաքական գործունեության հետ կապված հարցապնդումներից, իսկ սա, բնականաբար, քաղաքական բնույթի է, ուստի ընդամենը, կարծում եմ, աղմուկ հանելու և «սև փիառ» անելու համար է»:
Իշխանությունը, Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ, իրավապահների օպերատիվ արձագանքի հետ կապ չունի․ – «Պատասխանատու հայտարարություններ է մեր գործընկերը արել և անուններ է շոշափել: Ընդ որում՝ բավականին ճանաչված և լուրջ դրական իմիջ ունեցող մարդկանց հաշվին: Խոսքը վերաբերում է Գագիկ Հարությունյանին, միջազգային հանրության մեջ ճանաչում ունեցող Վենետիկի հանձնաժողովի, առավել ևս՝ նրա նախագահի հետ կապված: Ինձ թվում է, որ պետք է նման հայտարարություններին հետամուտ լինեն իրավապահները»:
Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանության հայտարարություններն ուսումնասիրելու իրենց հորդորներն իրավապահները պարբերաբար անարձագանք են թողնում: «Հիմնադիր խորհրդարան»-ը (ՀԽ) տարեսկզբին դատական հայց էր ներկայացրել Ազգային ժողովում ՀՀԿ-ի խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել և հերքել իր այն պնդումը, թե դեպի Ղարաբաղ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ավտոերթն իրականացվել է թուրք-արդբեջանական ֆինանսավորմամբ: Դատարանը հայցը վարույթ չէր ընդունել՝ ՀԽ-ի ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանի համոզմամբ՝ քաղաքական որոշման արդյունքում․ – «Հայաստանի Հանրապետությունում դատարանն ընդամենը ռեժիմի կամքը ապահովող գործիքներից մեկն է, ինչպես Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և մյուս մարմինները»:
Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» եթերում Ոստիկանությունից պահանջել էր ուսումնասիրել նույն Գագիկ Մելիքյանի այն հայտարարությունը, թե «Ժառանգությունը» դրսից ֆինանսավորում է ստանում: Դատախազությունը, սակայն, չարձագանքեց հրապարակային հորդորին:
«Իշախանությունը, ինչպես միշտ, սելեկտիվ է մոտենում», – մեկնաբանեց Մարտիրոսյանը:
Ի պատասխան Սերժ Սարգսյանին քննադատողներին, մեկ տարի առաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, թե դահլիճից ալիևյան նավթադոլարների հոտ է զգացել: Այդ հայտարարության վրա Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը հրավիրեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով պարզել, թե ովքեր են «նավթադոլարներից սնվողները»: Ինչպես տեղեկացրեց Փաշինյանը, ԱԱԾ-ից իր կոչին չեն արձագանքել:
«Ազատության» հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե ինքը քաղաքական հայտարարություն էր արել․ – «Այդ հայտարարությունները, բնականաբար, կարող են անել այն մարդիկ, որոնք ինֆորմացիա էին տրամադրում մեր ոչ-բարեկամ երկրներին: Իմ հայտարարության իմաստը դա է եղել: Ես ընդհանուր կտրվածքով եմ դրա մասին խոսում, բայց անձերի անուններ տալ և այլն․․․ դրանք տարբեր բաներ են»:
Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կարձագանքի, երբ լինի դրա անհրաժեշտությունը:
Նյութի աղբյուր www.azatutyun.am