Գլենդելի հայ համայնքը հաջակցություն Արցախի բազմամարդ հավաք է կազմակերպել. իրականացվել է երիտասարդ կամավորների գրանցում և ցուցակագրում (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին սեպտեմբերի 28-ին բազմամարդ հավաք է կազմակերպվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանագի հայաշատ Գլենդեյլ քաղաքում (Լոս Անջելես): Այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը Գլենդեյլից:

Ցույցը կազմակերպվել է քաղաքապետարան շենքի դիմաց: Հոծ բազմության առջև ելույթ ունեցող հայ համայնքի ներկայացուցիչները մի քանի նպատակ ունեին՝ ոգևորել աշխարհասփյուռ հայությանը, համախմբել, դարձնել ավելի միասնական: Նպատակներից էր նաև իրազեկել հանրությանը, փոխանցել ստույգ տեղեկատվություն դրամահավաք իրականացնող հիմնադրամների վերաբերյալ:

Հայ համայնքի ներկայացուցիչներն ամերիկահայությանը հորդորել են լինել իրազեկ, տարածել միայն  ճշտված պաշտոնական լրատվություն, լինել առավելագույնս ակտիվ սոցիալական մեդիայում:

Ցույցի ընթացքում իրականացվել է նաև հայ երիտասարդ կամավորների գրանցում և ցուցակագրում:

Հայրենիքի համար օրհասական այս պահին ԱՄՆ-ի հայ համայանքը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ համախմբված է, միասնական և անկոտրում: Աշխարհասփյուռ հայությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ յուրաքանչյուր րոպե պատրաստ է վերադառնալ հայրենիք, լինել հայ ժողովրդի և հատկապես հայ զինվորի կողքին:

Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում՝ Tert.am