Լոս Անջելեսում կիրառվել են կարանտինային ռեժիմի զգալի մեղմացումներ

Լողափերը բաց են։ Ձեռնարկությունների մեծ մասը սկսել է նորից ծառայություններ մատուցել։ Շատ շրջաններում բնության մեջ զբոսանքները կրկին թույլատրված են։

Հարավային Կալիֆոռնիան աստիճանաբար բացվում է, և հանգստյան օրերին բնակիչներն արդեն կարող էին անել շատ բաներ, որոնք նախորդ շաբաթներին արգելված էին։ Բայց դեռ գործում են անվտանգության խիստ կանոններ, որոնք միտված են կորոնավիրուսի տարածման նվազմանը։

Լոս Անջելեսի լողափերն այժմ բաց են սահմանափակ թվով գործողությունների համար, ինչը քայլ է՝ ուղղված տանը մնալու ռեժիմի աստիճանական մեղմացմանը։ Թույլատրված գործունեության մեջ են մտնում վազելը, քայլելը, լողալը, սերֆինգով զբաղվելը։ Այլ գործողություններ, ինչպիսիք են պիկնիկներն ու արևայրուք ընդունելը, դեռ արգելված են մնում։

Դեմքի դիմակները բոլորի համար պարտադիր են՝ բացի այն պահից, երբ մարդը գտնվում է ջրում։ Լողափի այցելուները պետք է իրարից պահպանեն շուրջ մեկուկես մետր ֆիզիկական հեռավորություն։ Լողափերի ավտոկայանատեղիները, հեծանիվների կայանման վայրերն ու նման բնույթի վայրերը մնալու են փակ։

Շատ այգիներ, գոլֆի դաշտեր ու հանգստյան գոտիներն այս շրջանում ևս բացվել են՝ սոցիալական հեռավորության կանոնների պահպանմամբ։ Անգամ Լա Կանյադայի «Descanso Gardens»-ն է բացվել վերջին օրերին։

Մանրածախ վաճառքով զբաղվող շատ ձեռնարկություններ վերսկսել են աշխատանքը։ Ըստ շրջանի ղեկավարության՝ բացվել են ցածր ռիսկայնությամբ բիզնեսները, մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկությունները, որոնք տեղակայված չեն առևտրի կենտրոններում, արտադրական ու բեռնափոխադրման ոլորտի ընկերությունները, որոնք ապահովում են մատակարարումները փոքր և միջին բիզնեսին։

Ցածր ռիսկայնությամբ բիզնեսի մեջ մտնում են գրախանութները, հագուստի, ծաղկի, երաժշտական, սպորտային պարագաների, խաղալիքների խանութները, ավտոմեքենաների սալոններն ու ռեստորանները՝ միայն առաքման ծառայությամբ։

Քաղաքապետ Էրիկ Գարսետին նշում է, որ դիմակներ հագնելու խիստ կանոններն միտված են՝ նվազեցնելու կորոնավիրուսի ռիսկերը, որ հետագայում հնարավոր լինի ծավալուն իմաստով բացել տնտեսությունը։

Հիշեցնենք, որ խանութ գնալիս, բակի տարածքում, լողափում, գոլֆի դաշտում կամ ցանկացած այլ վայրում մարզվելիս, հասարակական տրանսպորտով երթևեկելիս ու մի շարք այլ դեպքերում դիմակ կրելը պարտադիր է։

LosArmNews.com