Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է. Արմեն Սարգսյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդելի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է: Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը: Արմեն Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Գյումրիի հետ կապված իր ծրագրերը՝ առաջարկելով Գլենդելին նվիրված միջոցառում կազմակերպել Գյումրիում և Գյումրիին նվիրված միջոցառում՝ Գլենդելում: Նա պատրաստակամություն է հայտնել նախագահական նստավայրում կազմակերպել միջոցառում՝ նվիրված Գլենդելի մշակութային ժառանգությանն ու բազմազանությանը:

Արա Նաջարյանը նշել է, որ հաճախակի է լինում Հայաստանում, և ամեն անգամ այդ այցելություններն իրեն ուժ են տալիս: Նա պատրաստակամությամբ է ընդունել նախագահի առաջարկությունները՝ նշելով, որ իր հնարավորություններով կձգտի նպաստել դրանց իրագործմանը:

168.am