Գլենդեյլի քաղաքապետն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դոկտոր Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, փետրվարի 26-ին այցելել է Գլենդեյլի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն է կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ընդունելությանը ներկա էին նաև Գլենդեյլի քաղաքի խորհրդի անդամները, գանձապահը, քաղաքի իրավաբանը, մենեջերը, ոստիկանապետը, հրշեջ ծառայության պետը և քաղաքապետարանի այլ ծառայությունների ղեկավարներ:

Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին, նշեց, որ Գլենդեյլի քաղաքապետարանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնություններին: Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը կարևորեց ՀՀ գլխավոր հյուպատոսության և Գլենդեյլի քաղաքային իշխանությունների միջև առկա բարեկամական և գործընկերային կապերի խորացումը: Դոկտ. Բայբուրդյանը նշեց, որ Գլենդեյլը, հանդիսանալով ԱՄՆ արևմտյան ափի ամենահայաշատ քաղաքը, յուրօրինակ դարպաս է Հայաստանի համար դեպի ԱՄՆ: Այդ առումով Գլենդեյլի հետ գործընկերային և բարեկամական կապերի զարգացումը կարևոր է ՀՀ գլխավոր հյուպատոսության համար:

Պարոն Սինանյանը գոհունակությամբ նշեց Գլենդեյլի քաղաքային իշխանությունների և ՀՀ գլխավոր հյուպատոսության միջև ծավալված գործընկերային հարաբերությունների ամուր հիմքը, հավելելով, որը ներկայումս Գլենդեյլն ունի Կապան և Գյումրի քաղաքների հետ քույր-քաղաքների մասին ստորագրված փաստաթղթեր: Դրանք ըստ քաղաքապետի կարոտ են գործնական ծրագրերի: ՀՀ գլխավոր հյուպատոսը խոստացավ օժանդակել այդ ծրագրերի կյանքի կոչմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ 168.am