Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել արագ հետաքննել Կալիֆոռնիայի հայկական դպրոցների նկատմամբ վանդալիզմի ակտը

Ամերիկայի հայկական համագումարը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցի՝ «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի նկատմամբ ատելության դրսևորման հանցագործությունը:

«Կոչ ենք անում արագ հետաքննություն անցկացնել և պատժել չարագործներին: Մենք գնահատում ենք Կոնգրեսի անդամների աջակցությունը, որոնք կանգնել են հայ համայնքի կողքին», – ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է դպրոցների վրա թուրքական պետության դրոշները փակցնելու պահը ֆիքսած տեսանյութը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմին՝ դատապարտելով այն:

Թուրքական դրոշների հետ կապված միջադեպին էր անդրադարձել նաև մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը:

Աղբյուրը՝ tert.am