Միացյալ Նահանգների Աննապոլիս քաղաքում վերջին հրաժեշտն են տվել Հանրապետական կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին՝ հայտնի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն ՄքՔեյնին, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նրան հուղարկավորել են քաղաքում գտնվող ռազմածովային ակադեմիայի տարածքում:
Աղբյուրը նկատում է, որ գլխուղեղի քաղցկեղի հետևանքով կյանքից հեռացած ՄքՔեյնը եղել է տվյալ ռազմածովային ակադեմիայի շրջանավարտ:
Հայտնի է, որ բազմաթիվ տեղացիներ հավաքվել են այն ճանապարհի մոտ, որտեղով տեղափոխվել է հանգուցյալը: Բացի այդ, ավտոշարասյունն ուղեկցել է 4 հատ F-18 կործանիչ:
Նշվում է, որ նախօրեին Վաշինգտոնում տեղի էր ունեցել սենատորի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են եղել ոչ միայն ամերիկացի, այլև տարբեր պետություններից ժամանած հայտնի քաղաքական գործիչներ՝ այդ թվում նաև Միացյալ Նահանգների նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ-կրտսերն ու Բիլ Քլինթոնը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերմանիայի բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն:
Հիշեցնենք, որ կենդանության օրոք ՄքՔեյնը խոստովանել էր, որ չէր ցանկանա, որ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա լինի իր հուղարկավորության արարողությանը:
ՄքՔեյնը քաղաքականությամբ է զբաղվել շուրջ 60 տարի, մասնակցել է Վիետնամի պատերազմին, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն էր։