Ամերիկաբնակ հայ երգչուհի Շպռոտն օրերս «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել կարմիր ժապավենով փաթաթված իր նոր՝ «Ինֆինիտի» մակնիշի մեքենայի հետ:
Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին խոսեց նոր մեքենա ձեռք բերելու, ինչպես նաև ԱՄՆ-ում երաժշտական գործունեության ու սպասվող նորության մասին:
Շպռոտն ասաց, որ մեքենան նվեր չի ստացել, ոչ էլ գնել է: «Մեքենան վարձու է: Երեք տարի ինձ մոտ է լինելու»,- ասաց նա և ավելացրեց, որ արդեն ութ տարի է` ԱՄՆ-ում է ապրում։ Նրա խոսքով` այս ընթացքում միշտ վարել է մեքենա:
Չնայած ԱՄՆ տեղափոխվելուց հետո երգչուհին լսարանին հանձնեց երկու երգ ու տեսահոլովակ, Շպռոտի կարիերան որպես երգչուհի ԱՄՆ-ում ակտիվ չէ. «Շաբաթական մեկ կամ երկու օր ռեստորանում երգելով ինչ արտիստ: Ճիշտ է, բեմից կարոտս առնում եմ, բայց այստեղ շոու-բիզնես չկա:
Այստեղ, այսպես ասած, տղա-ռաբիս մաֆիան է: Աղջիկ երգչուհիների չեն հրավիրում հարսանիքներին երգելու՝ պատճառաբանելով, որ մենք հետաքրքիր չենք»:
Շպռոտը տեղեկացրեց, որ արդեն երեք ամիս է` աշխատում է Տիգրան Ժամկոչյանի հետ նոր երգ ներկայացնելու ուղղությամբ, որը շուտով կթողարկվի: Երգչուհին նշեց, որ Lazzaro-ի հետ ևս երաժշտական համագործակցություն ունի:
Շպռոտի ինչպես ստեղծագործական նորությունները, այնպես էլ անձնական կյանքը, արտաքին տեսքի փոփոխությունները, համարձակ լուսանկարներն ու գրառումները հաճախ են դառնում հայ հասարակության բուռն քննարկումների ու քննադատությունների առիթը: Այս ամենի հետ կապված երգչուհին իր հիմնավորումն ունի:
«Իրականում հանրությանը բացարձակ հետաքրքիր չէ իմ անձը: Նրանց միայն հետաքրքրում է իմ կերպարը սոցիալական ցանցերում և տեսահոլովակներում: Ինձ չի նյարդայնացնում ուշադրությունը՝ ես միշտ սիրել եմ լինել ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:
Վերջերս էր երգչուհին Հայաստան էր եկել, սակայն մշտական վերադարձի մասին առայժմ չի մտածում։ Այնուամենայնիվ, երգչուհին վստահեցնում է` մի օր վերադառնալու է, սակայն չգիտի, թե կոնկրետ երբ:
Երգչուհին դեռ նախորդ տարի Tert.am Life-ին տված իր հարցազրույցում նշել էր, որ շատ է ցանկանում մայրանալ: Այսօր էլ Շպռոտի ցանկությունը չի փոխվել։
«Շատ կուզեմ բալիկ ունենալ: Արդեն 38 տարեկան եմ, բայց, ցավոք, այդ գործընթացը միայնակ չես անում՝ երեխային լավ հայր է պետք: Չգիտեմ, այս տարիքում արժե՞ շարունակել հուսալ, թե՞ ոչ»,- եզրափակեց նա:
Աղբյուրը՝ life.tert.am