«Զվարթնոց» պարային համույթը նոր համերգային ծրագրով.

Ապրիլի 30-ին, երեկոյան ժամը 6-ին, Գլենդել քաղաքի JOHN WAYNE PERFORMING ARTS կենտրոնում տեղի է ունենալու ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի «ԶՎԱՐԹՆՈՑ» պարային համույթի կողմից բեմադրված՝ «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» խորագրով նոր համերգային ծրագիրը:

«Զվարթնոց»-ը ստեղծվել է 1989թ.-ին ԱՄՆ-ում բնակություն հաստատած ամուսիններ՝ Վարդան և Արմինե Աղաջանյանների կողմից, որոնք Հայաստանի «Պարի պետական համույթի» հայտնի մենակատարներն էին, այժմ խմբի գեղարվեստական ղեկավարներ:

Անսամբլն իր համաժողովրդական սերն ու ճանաչումը ձեռք է բերել հայազգի հնագույն պարերի պահպանման և կատարման շնորհիվ: Տասնամյակների ընթացքում, հավատարիմ մնալով հայկական ազգային պարարվեստի ակունքներին, անսամբլի համերգային ծրագրերում ներկայացվում են ծիսական, աշխատանքային, քնարական, ռազմական, կատակային և այլ բնույթի պարեր:

Իր 28-ամյա կենսագրության ընթացքում «Զվարթնոց»-ը ելույթներով հանդես է եկել աշխարհի շատ բեմերում յուրօրինակ բեմադրություններով և ժողովրդական պարի մեկնություններով նվաճելով հայ և օտարազգի հանդիսատեսի սիրտը:

2014թ. hուլիսի 27-ին Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացավ «Զվարթնոց» պարային համույթի 25-ամյա հոբելյանական համերգը, որտեղ խումբը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով` Ոսկե մեդալով, իսկ Վարդան և Արմինե Ազաջանյանները ՀՀ սփյուռքի նախարարության կողմից արժանացան շնորհակալագրերի, որ աշխարհի խառնարան համարվող ԱՄՆ-ում նրանք ոչ միայն կարողացան հայ մնալ և կառուցել իրենց բացառիկ հայ ընտանիքը, այլև հաղթահարելով անհնարին թվացող բազում խոչընդոտներ` ստեղծեցին «Զվարթնոց» անկրկնելի համույթը` անուրանալի ներդրում կատարելով Սփյուռքում հայապահպանության ազգանվեր գործում:

Նրանք պարային լեզվով և ռիթմիկայով հայ ոգին և հայ ինքնությունը պատվաստում և անմեռ են պահում սփյուռքյան նոր սերնդի մեջ, իսկ օտարների հոգիներում հայ ոգու ազնիվ նկարագրի բացահայտումներով ստեղծում են սեր, հարգանք և ակնածանք մեր ժողովրդի հանդեպ:

 Այսօր խումբը կարողանում է օտար ափերում բնակվող հայ երեխաների ու երիտասարդների համար ստեղծել հայկական միջավայր, որտեղ պարելով հայկական պարեր, սովորելով հայ պարի պատմությունն ու ավանդույթները, մեծանում են իսկական հայեր:

Լիլիթ Ղարիբյան