Գլենդել քաղաքը սգում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքն առանձնանում է Հայոց ցեղասպնության հիշատակման վերաբերյալ յուրօրինակ մոտեցմամբ:

Ապրիլի 24-ին Գլենդելի հանրային դպրոցները չեն գործում ի նշան 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակի հարգանքի, իսկ քաղաքապետարանն իր հերթին 16 տարի է ինչ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում իրենց հեղինակավոր խոսքով հանդես են գալիս քաղաքական գործիչներ, համայնքի ղեկավար անձինք և սիրված արտիստներ:

Ամեն տարի միջոցառման մասնակիցներն ընտրվում են նախաձեռնող խորհրդի կողմից: Այս տարվա ծրագրին ելույթ կունենան սիրված երգիչներ Հարութ Փամբուկչյանը և Նարեկ Մակարյանը, համայնքի առաջատար պարի համույթներից «Զվարթնոց» պարախումբը, իսկ Դենիս Ջենթիլինին կկատարի հատված «Ես ապրում եմ» մյուզիքլից: Հատուկ ելույթով հանդես կգա Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի Ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Ծրագիրը տեղի կունենա ապրիլի 24-ին, ժամը 7-ին, «Ալեքս» համերգասրահում: Մուտքն ազատ է:

LosArmNews.com