Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ ընդառաջ լավ ու կամեցող մարդկանց է միշտ բերում. Ինչո՞ւ է Նարեկ Մակարյանը մեկնել ԱՄՆ

Երգիչ Նարեկ Մակարյանը մեկ ամիս առաջ գործնական նպատակով ԱՄՆ մեկնեց մի քանի օրով ու մինչ այսօր այնտեղ է: Պատճառը Նահանգներում ստացած առաջարկներն էին, որոնք նրան դեռևս տևական ժամանակ կպահեն հայրենիքից դուրս:

«Ներկա պահին պատրաստվում եմ Լաս Վեգասում կայանալիք իմ մենահամերգին, որը նվիրված է լինելու Մայրության ու գեղեցկության տոնին: Նաև, երկու մեծ համերգային ծրագրերում ելույթ ունենալու հրավեր եմ ստացել, որոնց մասին փակագծերը բացել դեռ չեմ կարող: Մեկտեղ՝ աշխատում եմ նոր տեսահոլովակի ու երգի վրա, այդ հարցում էլ երկար սպասեցնել չեմ տա», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:

 

16939449_1251294928258611_6243337491787654277_nՆկատելի է, որ հատկապես վերջին շրջանում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերն են նախընտրում ապրել ու ստեղծագործել դրսում, հիմնականում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հարցին, թե ի՞նչն է մարդկանց այդքան դուրս «քաշում», մեր զրուցակիցը պատասխանեց.

«Այդ հարցին չեմ կարող ուրիշների փոխարեն պատասխանել… Անձամբ ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ տունն ու ծննդավայրը, գերադասում եմ ապրել ու արարել հայրենի հողի վրա: Թե հետագայում ճակատագիրն ինձ ո՞ւր կտանի, չգիտեմ, դա ոչ-ոք չգիտի: Բայց այն, որ այս պահին թեկուզև աշխատանքի բերումով ժամանակավոր դրսում գտնվելու դեպքում էլ կարոտին չեմ դիմանում, փաստ է: Այստեղ գտնվելս ժամանակավոր բնույթ է կրում, անպայման կվերադառնամ մի քանի ամսից: Ինչպես ասում են՝ իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա… Շուտով կհանդիպենք Երևանում»:

16831912_1251493268238777_5966377383970788821_n1

Ն. Մակարյանի հարազատների մեծ մասը բնակվում է ԱՄՆ-ում: Երգիչը խոստովանեց, բնականաբար, այնտեղ իրեն տանն է զգում.

«Ընտանիքիս անդամները Հայաստանում են, բայց այստեղ ես գրեթե տանն եմ՝ շրջապատված հարազատներով: Բայց դե, ինչպես նշեցի՝ գրեթե… Ներկայում ապրում եմ բարեկամներիս տանը, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի ոչ մի վայրկյան օտարություն չզգամ»:

16995987_1253203148067789_700104744777731659_n

Բազմաթիվ միջազգային մրցումների մասնակցելով՝ նա աշխարհի տարբեր անկյուններում ձեռք է բերել նաև լավ ընկերներ, որն էլ համարում է իր հերթական հաղթանակը:

«Ասում են չէ՞՝ որքան ընկեր ունես, այնքան մարդ ես: Այդ հարցում էլ բախտս բերել է: Այստեղ էլ այս կարճ ժամանակում հրաշալի մարդկանց հետ եմ ծանոթացել: Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ ընդառաջ լավ ու կամեցող մարդկանց է միշտ բերում», – նկատեց մեր զրուցակիցը:

Բնականաբար, հայաստանյան և ամերիկյան շոու բիզնեսը միմյանցից շատ է տարբերվում ու այդ տարբերությանն առավել շատ առընչվում են դրանում ներգրավված մարդիկ:

«Տարբերությունն, իհարկե, մեծ է: Լավ ու վատ տարբերակել չեմ կարող: Այստեղ ամեն ինչ հատուկ է տվյալ մթնոլորտին, ճաշակին ու պահանջարկին: Հայաստանում էլ ամեն ինչ իր ձևի մեջ է տարբեր ու իր յուրօրինակ ուղղվածությունն ունի», – ընդգծեց նա:

Նարեկ  Մակարյանն այն երիտասարդ երգիչներից է, ում հաճախ ամուսնացնում են ու բաժանում: Կա՞ նրա կյանքում այն միակը, ում հետ կցանկանար ընտանիք կազմել, Aysor.am-ի հետ զրույցի ավարտին ժպիտով խոստովանեց.

«Ես էլ եմ նկատում, որ ինձ ժամանակ առ ժամանակ նշանում են, ամուսնացնում ու բաժանում: Բայց ասեմ՝ իմ բազմաբովանդակ կյանքի այդ մի էջը դեռ սպիտակ է, բայց ոչ թափանցիկ… Ինչ վերաբերում է ընտանիք կազմելուն, ինձ համար դա չափազանց պատասխանատու քայլ է: Ես էությամբ բծախնդիր մարդ եմ: Այնպես որ, այդ մասին միայն մտածելը քիչ է»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան