Հայաստանը և Արցախը ներկայացված կլինեն Լոս Անջելեսի հայտնի՝ Զբոսաշրջության ցուցահանդեսին՝ LA Travel and Adventure Show

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի համատեղ ջանքերով Հայաստանը և Արցախը ներկայացված կլինեն Լոս Անջելեսի հայտնի՝ Զբոսաշրջության ցուցահանդեսին՝ LA Travel and Adventure Show: Այն տեղի կունենա փետրվարի 27-28-ին, Լոնգ Բիչ քաղաքում:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ ավանդական միջոցառմանը Հայաստանի և Արցախի մասնակցությունը կարևոր է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նոր լիցք հաղորդելու իմաստով: Այն լավ հնարվորություն է՝ օտարներին ներկայացնել Հայաստանի և Արցախի պատմամշակութային արժեքները, հուշարձանները, հրաշալի բնությունն ու զբոսաշրջային գողտրիկ վայրերը: Վ. Մկրտումյանի կարծիքով, նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ապակենտրոնացնել զբոսաշրջային ուղղությունները դեպի գյուղական բնակավայրեր: “Ժամանակն է, որ Հայաստանն ու Արցախը օտարերկրյա զբոսաշրջիկների աչքում դիտարկվեն՝ իբրև տուրիզմի և հետաքրքիր հանգստի նոր ուղղություններ՝ նոր հնարավորություններով, որոնք տարեցտարի մեծանում են ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացման արդյունքում”:
Նորաստեղծ Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի ատենապետ Ալեք Բաղդասարյանը նշեց, որ, դատելով Լոս Անջելես ճանապարհորդությունների շոուին նախորդ տարիների մասնակցության փորձից, օտարների համար Հայաստանն ու Արցախը հետաքրքիր զբոսաշրջային վայրեր են, որոնք գրավում են՝ իբրև նոր բացահայտված ուղղություններ:
Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի անդամ Թոմիկ Ալեքսանյանը իր հերթին շեշտեց ոչ միայն օտարազգի զբոսաշրջիկներին Հայաստանն ու Արցախը ներկայացնելու, այլև հայ համայնքի համար երկու հայկական պետությունների գրավչությունը բացահայտելու կարևորությունը, ընդ որում, ոչ միայն հաճելի հանգիստ վայելելու, այլև բիզնես-ծրագրեր կազմելու իմաստով: Հենց այդ ուղղությունը կլինի Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի հետագա գործունեության առանցքում, որի առաջին քայլերից մեկը նշված ցուցահանդեսին մասնակցությունն է:

Consulate General of Armenia in Los Angeles