Վերջին օրերին մի քանի տեղեկատվական կայքերում տարաբնույթ հոդվածներ են տեղադրվել` կապված այս տարվա հունվարի 28-ին Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում կազմակերպված “Ես քո զավակն եմ, Հայաստան” խորագրով Հայոց Բանակի տոնին նվիրված միջոցառման հետ:
Մասնավորապես քննարկվում են համերգի հասույթի հետ կապված հարցերը. ի սկզբանե հայտարարված էր, որ համերգը բարեգործական է, և ստացված հասույթը փոխանցվելու է “Զինվոր” համակարգող խորհրդին` ի նպաստ բանակի բարօրության ծրագիր իրականացնելու համար:
Սակայն համերգի կազմակերպիչ “Grand Party” կազմակերպությունը, ի դեմ հիմնադիր նախագահ Արտակ Մարտիրոսյանի, մի քանի անգամ տարբեր հարցազրույցներով, լրատվական կայքերով և ֆեյսբուքյան էջով ներկայացրել է համերգի ծախսերը և ստացված միջոցները, այդ թվում` անվանական հովանավորների կողմից տրամադրված միջոցները, որից պարզ է դառնում, որ տրամադրված աջակցությունների ընդհանուր արժեքը մի քանի անգամ պակաս է համերգի կազմակերպչական ծախսերից:
Համերգի կազմակերպիչները ևս մեկ անգամ անդրադարձել են ARTN Շանթ և Հորիզոն /Meridian Studios հեռուստաընկերությունների աջակցությանը համերգի կազմակերպման հարցում` ի պատասխան հնչած տարակարծությունների:
Նրանք նշել են, որ ARTN Շանթ հեռուստաընկերությունը, ով հանդիսացել է համերգի ինֆորմացիոն հովանավոր, $17,000 դոլլար արժողության գովազդային ծառայությունը տրամադրել է $5,000 դոլլարով: Կազմակերպիչներն իրենց մեծ գոհունակությունն են հայտնել այս հեռուստաընկերության կողմից տրամադրված ծառայությունների համար, քանի որ հեռուստաընկերությունն իր հնարավոր ռեսուրսներն օգտագործել է համերգի կազմակերպմանն աջակցելու համար, իսկ այդ $5,000 դոլլարն ընդամենը տրվել է հեռուստաընկերությանը` մատուցված ծառայությունների դիմաց մանր ընթացիկ ծախսերը հոգալու համար:
“Grand Party” կազմակերպությունը Meridian Studios ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համերգի տեխնիկական սպասարկումը և նկարահանումը ապահովելու համար: Այս ընկերությունը և Հորիզոն հեռուստաընկերությունը տարբեր կառույցներ են, պարզապես գտնվում են նույն շենքում: Հորիզոն հեռուստաընկերությունն էլ իր հերթին աջակցություն է ցուցաբերել համերգի գովազդներն անվճար ցուցադրելու հարցում: Այսպիսով, Հորիզոն / Meridian Studios հեռուստաընկերությունը $35,000 դոլլար արժողությամբ ծառայությունը տրամադրել է $13,000 դոլլարով:
Համերգը նախաձեռնող կազմակերպության նախագահ Արտակ Մարտիրոսյանը իր և կազմակերպության անունից ևս մեկ անգամ խորին շնորհակալություն է հայտնում երկու հեռուստաընկերություններին էլ` ցուցաբերած աջակցության համար և փաստում, որ ի սկզբանե նախատեսված բարեգործական ակցիայի ձախողվելու մեջ նրանցից և որևէ մեկը մեղավոր չէ:
Լինելով Լոսանջելեսյան հայ համայնքի անդամ` նա վստահ է, որ ձախողման պատճառը համայնքի անտարբերությունն էր հայրենիքի համար այս օրերին օրհասական կարևոր նշանակություն ունեցող հայոց բանակի և նրա խնդիրների հանդեպ, ինչպես նաև որոշ կառույցների անգործությունը:
Մարդիկ, հայրենիքը “կարոտելուց” ու հայրենիք “բարձրագոչելուց” առաջ փորձեք ուղղակի սիրել այդ հայրենիքը, իսկ հայրենիք սիրողը հայրենիքի համար ամենադժվար պահին այդքան անտարբեր ու անհաղորդ չի լինի նրա խնդիրների նկատմամբ: