«ԴԺՎԱՐ Է ԴԻՄԱՆԱԼ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ, ԱՆԻԾԵԼՈՒ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆԸ»

Բանաստեղծ Դավիթ Ասատրյանն արդեն մեկ տարուց ավել է` ապրում է Միացյալ Նահանգներում: Նրա խոսքով` ԱՄՆ-ն իր համար աշխարհաճանաչողական եւ ուսումը շարունակելու բարենպաստ տարածք է: Դավիթը, ով «Սոմա» պոետական թատրոնի հիմնադիրներից է, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ցանկություն կա վերսկսելու թատրոնի աշխատանքները: -Դավի՛թ, ի՞նչը Ձեզ տարավ Միացյալ Նահանգներ: Այս ընթացքում ի՞նչ տվեց Ձեզ այդ երկիրը: -Արդեն 15 ամիս է` գտնվում եմ Նահանգներում: Այստեղ եմ հանգամանքների բերումով եւ որն ինձ համար ամենակարեւորն է` ժամանակավոր: ԱՄՆ-ն ինձ համար աշխարհաճանաչողական եւ ուսումս շարունակելու բարենպաստ տարածք է… Ամենակարեւորը, որ գրանցվեց իմ եւ կնոջս կյանքում այստեղ, դա մեր առաջնեկի` Ալբերտի ծնունդն էր: -2007թ. հիմնադրված «Սոմա» պոետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էիք, թատրոնն այժմ շարունակո՞ւմ է իր գործունեությունը: -Թատրոնը հիմնադրել ենք մտերիմ ընկերոջս` Կարեն Հովհաննիսյանի հետ: Այն ժամանակ մենք մեր առաջ խնդիր դրեցինք հատկապես մարզերում բնակվող դպրոցական պատանիներին եւ աղջիկներին ծանոթացնել դպրոցական ծրագրից դուրս մնացած պոետական գլուխգործոցների հետ: Ինչ-որ տեղերում հաջողություն գրանցեցինք, ինչ-որ տեղերում ընկրկեցինք դժվարությունների առաջ, բայց այսօր արդեն պարզ է, որ այդ օրերին «Սոմա»-ն իր ձեւաչափի մեջ միակն էր: Զարմանալի պատահականությամբ օրերս զրուցեցի Կարեն Հովհաննիսյանի հետ, եւ նա ցանկություն հայտնեց վերսկսել թատրոնի աշխատանքները, ինչն, իհարկե, ինձ համար ավելին է, քան ոգեւորիչ փաստ: Նախ գիտեմ, որ այսօր եւս կա Պոետական թատրոնի պահանջարկը, եւ երկրորդ` վստահ եմ, որ Կարենը ի զորու է ոտքի հանել մեր «Սոմա»-ն… Թատրոնի հետ իմ կապը հոգեւոր է եւ անխզելի, անկախ այն բանից` այդ պահին ֆիզիկապես գործում եմ, թե ոչ: -Սա հատված է Ձեր` «Մարգարեություն» բանաստեղծությունից. «Բավական է, ահա՛, մոտենում է ժամը, Մոտենում է՝ արնոտ երախը բաց, Ես զգում եմ արդեն այդ արյունի համը՝ Բերանիս մեջ ոխից արնակալած… Աղոթքները զուր են, եւ կանչերը՝ թերի, Հայոց աստվածներն էլ չեն ներում, Պիտի ողջ-ողջ այրվեն զավակները նեռի Պալատներում բոլոր ու տներում… Եվ մաքրվեն պիտի տաճարները պղծված Պղծողների արյամբ ու արցունքով, Պիտի դժոխք իջնեն եւ թագերը գնված, Արքաները չնչին, տականք ու գող…»: Տականք ու գող արքաների վերջն այսպիսին եք տեսնում, փաստորեն: Իսկ Ձեր մարգարեության համաձայն՝ ինչպե՞ս է հնարավոր ազատվել նրանցից: -Այդ բանաստեղծությունը իմ հոգում կուտակված ցավի եւ անհամաձայնության պոռթկումն է: Առհասարակ, ստեղծագործող մարդու համար հատկապես մեր օրերում դժվար է դիմանալ հայհոյելու, անիծելու գայթակղությանը: Համացանցում հատկապես այդ գայթակղությունը մեծ է, որովհետեւ երբ դու հայհոյում ես, ասենք, գործող իշխանությանը, դու անմիջապես ազգասեր մարդու եւ հայրենասերի անուն ես վաստակում: Իհարկե, այդ անունը որքան հեշտությամբ տալիս, այնքան հեշտ էլ խլում է նորին մեծություն ամբոխը: Եթե դուրս գանք պոեզիայի աշխարհից եւ խոսենք ռեալ քաղաքական գործընթացի մասին, կարող եմ հետեւյալն ասել: Գործող ռեժիմին հետեւելիս լացս է գալիս, դրա դեմ պայքարողներին տեսնելուց` զզվանքս: Ժամանակ է պետք: Առանց ցնցումների ոչինչ հնարավոր չէ, իսկ գողերի տեղը, անկախ նրանից` դրանք արքաներ են, թե պոետներ, բանտում է, դավաճանների տեղը` կառափնարանում: -Տարբեր առիթներով խոսել եք բանաստեղծի ներքին ազատության եւ սահմանների մասին: Ի վերջո, որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում պոետի ազատությունը: -Ես ավարտել եմ թատերական ինստիտուտը` պրոֆեսոր Սաթենիկ Մաթեւոսյանի ղեկավարությամբ: Երբ առաջին կուրսում խոսեցինք բարդույթների եւ ազատությունների մասին, կուրսի ղեկավարը արեց մի արտահայտություն, որը գամվեց ուղեղումս. ասաց` ամենաազատ եւ չկոմպլեքսավորված մարդիկ նախամարդիկ էին. մերկ էին ման գալիս եւ այլն… Պոետի ստեղծագործական, պոետական աշխարհը չունի սահմաններ եւ չի կարող ունենալ: Այդ սահմանափակումները սկսում են, երբ նա, բացի պոետ լինելուց, նաեւ քաղաքացի է, զավակ է, հայր է… Այսինքն՝ նա ներսից չունի սահմաններ. դրանք արտաքին կապեր են` սրտից ու հոգուց դուրս:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

www.armlur.am