Նորարարություն Ֆոտոխմբագրման աշխարհում. հայերն ամենուրեք են
Օրեր առաջ ամերիկյան հայտնի լուսանկարչական կայքում հանդիպեցի լուսանկարչության խորհրդավոր աշխարհում արված մի նոր բացահայտման: Հաճելիորեն զարմացա, երբ տողերի մեջ նկատեցի, որ հեղինակը երիտասարդ հայ լուսանկարիչ է:
Իմ, ինչպես նաև ընթերցողների հետաքրքրությունը պարպելու համար որոշեցի գտնել այդ լուսանկարչին և հենց նրանից հետաքրքրվել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հայտնագործությունը` ինչպես ասում են “ժողովրդին հասկանալի լեզվով” մեկնաբանություն ստանալու ակնկալիքով:
Եվ այսպես, հայտնագործությունը վերաբերում է ֆոտոխմբագրմանը:
Թվում է, թե լուսանկարել կարող են բոլորը. բավական է վերցնել տեսախցիկը, մի փոքր գեղագիտական ճաշակ ունենալ և վերջ։ Սակայն այսօր ոչ ոքի հետաքրքիր չէ իրական կյանքի ուղղակիորեն պատկերումը, և այս շուկայի գրեթե յուրաքանչյուր «հաճախորդ» արդեն ուզում է լուսանկարն արվեստի տեսանկյունից դիտել։ Իսկ այդ “արվեստի գործը” ստանալը կախված է լուսանկարելուն հաջորդող բարդ և ծավալուն գործընթացից, որ պահանջում է ոչ միայն ստեղծագործական սուր աչք, նուրբ ճաշակ, այլ նաև տեխնիկական/մաթեմատիկական գիտելիքների և հմտությունների բացարձակ տիրապետում:
Վերջին տասնամյակում լուսանկարչության արվեստում նույնիսկ առանձին մասնագիտություն է համարվում լուսանկարների խմբագրումը:
Այսօր Լոս Անջելեսում, ըստ պաշտոնական տվյալների, գրանցված է 150000 ից ավելի լուսանկարիչ, իսկ Adobe Photoshop ծրագրի /նույնն է թե ֆոտոխմբագրման/ լիցենազավորված մասնագետ` ընդամենը 35 հոգի:
Ահա նրանցից մեկն էլ մեր հայրենակիցն է` երիտասարդ տաղանդաշատ բազմաոճ լուսանկարիչ Էդմոն Ամիրաղյան։ Անգլիայում լուսանկարչություն ուսանած Էդմոնը ֆոտոխմբագրմամբ զբաղվում է շուրջ 10 տարի:
Զրույցի ընթացքում Էդմոնը համեստագույնս ներկայացրեց իր կողմից կատարված աշխատանքը, սակայն հաշվի առնելով նաև ամերիկյան մամուլում տեղ գտած բազմաթիվ արձագանքները` ակնհայտ է, որ հայտնագործությունն իրականում բավականին մեծ աշխատանք է և լուրջ մասնագիտական ներդրում այդ ոլորտում:
Մասնագիտական նեղ շրջանակներում տեղի ունեցած հավաքներից մեկի ժամանակ համաշխարհային ճանաչում ունեցող ֆոտոխմբագիրներից մեկը, ծանոթանալով Էդմոնի հայտնագործության հետ, այնքան է զարմանում ու հիանում այդ տեսության պարզությամբ ու կարևորությամբ , որ խնդրում է Էդմոնից այդ PSD փաստաթուղթը և լուսանկարիչների համար ձայնագրում է մի քանի րոպեանոց տեսահոլովակ` ներկայացնելով այդ մեթոդի էությունը, կարևորությունը և արդյունավետությունը, ինչպես նաև առաջարկելով մյուս մասնագետներին փորձել այն։
Արձագանքն անսպասելիորեն դրական ու ոգեշնչող էր։ Բազմաթիվ մասնագետներ տարբեր երկրներից ոգևորված սկսում են գրել Էդմոնին ու շնորհակալական, հիացական խոսքեր արտահայտել: Անմասն չեն մնում նաև աշխարհասփյուռ հայ լուսանկարիչներից ոմանք, ովքեր հպարտությամբ ուրախանում են իրենց հայրենակցի, երիատասարդ մասնագետի մտքի թռիչքով:
Թե որն էր այդ PSD փաստաթղթի գաղափարը, որ այդքան մեծ աղմուկ բարձրացրեց մասնագիտական շրջանակներում, դժվար է մի քանի բառով բացատրել «հասանելի լեզվով»։
Այնուամենայնիվ խնդրեցի հենց Էդմոնին բացատրել:
«Իհարկե, photoshop-ի ցանկացած մասնագետ, նույնիսկ սկսնակ, գիտի, որ ցանկացած լուսանկար խմբագրելու համար պետք է օգտագործի Adjustment և Curves գործիքները, որպեսզի կարողանա ստանալ ճշգրիտ գունային գամաները, լույսի ու ստվերի հակադրությունները։
Ես մանկուց շատ հետաքրքասեր էի և բավականին հաջողում էի ճշգրիտ գիտությունների, մասնավորապես մաթեմատիկայի մեջ /հեղ.-ի դեպ, իմ զրուցակիցը առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է/: Իմ պրպտումների ժամանակ հայտնաբերեցի, որ կարելի է ստեղծել ավելի հեշտ ու արդյունավետ ճանապարհ՝ գույները խմբագրելով «կորերի» միջոցով։ Իմ կարծիքով այս «կենդանի կորերը» /”Live curves”/ ավելի հզոր են, որովհետև գունավոր լուսանկարներում նրանց օգտագործելով կարելի է ստանալ խորքային տեսողական վերարտադրություն, ավելի ճշգրիտ, ավելի արդյունավետ և իհարկե՝ ավելի արագ»:
Ահա այսպես, հնարավորինս հասկանալի ու պարզ ներկայացրեց նա մասնագետների կողմից այդքան հնչեղություն ստացած լուրջ աշխատանքը:
Կարծում եմ արդեն վաղուց ժամանակն է բեկանելու ընդունված կարծրատիպը` ամեն լավ ու հաջողված գործի մեջ հայի արմատներ փնտրելը միայն տասնամյակներ անց: Պարզապես պետք է հերթական անգամ հպարտանալ մեր օրերում մեր կողքին ապրող հայ երիտասարդի մասնագիտական հաղթանակով:
Հաշվի առնելով այն, որ մեր ընթերցողների մեջ կարող են լինել այս ծրագրով լրջորեն հետաքրքրվողներ` հեղինակի թույլտվությամբ կցում եմ հղումը, որտեղ կարող եք ոչ միայն դիտել մասնագիտական մեկնաբանությունը, այլ բեռնել փաստաթուղթը և փորձել:
Ստորև ներկայացվում է աշխատանքային մի օրինակ:
https://www.youtube.com/watch?v=lWSZS0NkgTM&feature=youtu.be
Ա.Ս.