Օրեր առաջ հրավեր ստացա մասնակցելու Լոս Անջելեսի կենդանաբանական այգում Հայաստանից ժամանած մասնագետի զեկույցին: Անկեղծ ասած շատ լավ չէի պատկերացնում` ինչ է լինելու և թե ինչքանով է այն հետաքրքրելու, այնուամենայնիվ, հարգելով հրավիրող Իեն Ռեկկոյին, ով, ի դեպ, Լոս Անջելեսի կենդանաբանական այգու սողունների բաժնի կուրատորն է, չմերժեցի:
Երբ արդեն այնտեղ էի, հաճելիորեն զարմացա հենց մուտքից: Տեղ էի հասել մոտ 1 ժամ շուտ և հնարավորություն ունեցա զբոսնելու, կամ, ավելի ճիշտ, կենդանաբանական այգու մի շատ փոքր մասով անցնելու: Տարիներ շարունակ ապրելով հարևանությամբ` երբևէ չէի մտածել, որ Լոս Անջելեսի կենդանաբանական այգին կարող է այսքան հետաքրքիր լինել, փոխարենը միշտ այցելել ենք այլ շրջաններում գտնվող կենդանաբանական և բուսաբանական այգիներ:
Հետաքրքիր զուգահեռ է մարդկային մտածողության հետ. միշտ մեր կողքինը թողած` լավ բանը փնտրում ենք հեռուներում:
Անշուշտ, հետո պիտի ինձ հրավիրողը մեկնաբաներ, որ պատճառներից մեկն այն է, որ այս կենդանաբանական այգին պատկանում է քաղաքային իշխանությանը, հետևաբար բյուջեն խիստ սահմանափակ է և գովազդելու հնարավորություն գրեթե չկա:
Դժվարությամբ դիմադրելով ամբողջ այգին ոտքի տակ տալու գայթակղությանը` հասա դահլիճ, որտեղ պիտի տեղի ունենար զեկույցը. “Հետադարձ հայացք Հայաստան. Մեկ տասնամյակ հայկական իժերի պահպանման ջանքերի համար”:
Զեկուցողները երկուսն էին ` գիտությունների թեկնածուներ Լևոն Աղասյանը և Ջեֆֆ Էթլինգը, ով ներկայացնում էր Սենթ Լուիզի Կենդանաբանական այգին: /Համառոտ լինելու համար մանրամասն չեմ ներկայացնում զեկուցողների կոչումներն ու պաշտոնները, միայն կասեմ, որ նրանք իրենց գործի քաջ գիտակն էին/:
Պարոն Էթլինգն առաջին անգամ Հայաստան է այցելել 2004 թ.-ին` հայկական իժերի ուսումնասիրություն կատարելու նպատակով: Տարիներ շարունակ հետազոտություններն արվել են Աբովյանում և Շիկահողում: Աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են տեղի մասնագետների Արամ և Լևոն Աղասյանների հետ:
Մանրամասն ներկայացվեցին այդ երկու շրջաններում բնակվող իժերի առանձնահատկությունները, կերակուրը, տեղաշարժման արագությունը և այլն: Հետազոտության ժամանակ ակնհայտ է դարձել, որ վտանգված է իժերի գոյատևումը, գնալով դրանք պակասում են` ոչ բարենպաստ պայմանների պատճառով:
Այդ այցերի ժամանակ նախաձեռնել և ԱՄՆ են տեղափոխել հայակական իժեր` տեղում հետազոտություններ անելու և դրանց հնարավոր բազմացման մեխանիզմը մշակելու համար: Ահա այս ճանապարհով հայկական իժը հայտնվել է Սենթ Լուիզի կենդանաբանական այգում, այնուհետև մի զույգ տեղափոխվել է Լոս Անջելեսի կենդանաբանական այգի:
Արևային Լոս Անջելեսում իժերի վերարտադրությունն ապահովելու համար այստեղ ստիպված են եղել ստեղծել հայաստանյան ձմեռվա եղանակ նաև, որը մոտ է սառցակալմանը: Եվ ահա շուրջ 4 տարի հետո հաջողվել է մշակել համապատասխան մեթոդոլոգիա, և այս տարվա հուլիս ամսին երկու էգ իժերը զույգեր են ունեցել:
Պարոն Աղասյանն իր խոսքում մի փոքր նկարագրեց Հայաստանը` ներկաներին իրազեկելով այնտեղի արգելագոտիների և դրանց գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի մասին:Նա առաջիկա օրերին վերադառնալու է Սենթ Լուիզ, որտեղ շուրջ 8 ամիս շարունակելու է գիտահետազոտական աշխատանքները:
Հանդիպման կիզակետը Հայաստանում սողունների պահպանման կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունն էր և, ինչու ոչ, նաև դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու նախաձեռնումը:
Զեկուցումներն այնքան համոզիչ էին, որ հանդիպման ավարտին առաջին անգամ զգացի, որ ես էլ սկսեցի սիրել այդ կենդանիներին ու մտահոգվել նրանց գոյատևմամբ:
Չկարողացա թաքցնել երախտագիտությունս այդ մասնագետների հանդեպ, ովքեր օվկիանոսի այս կողմից փորձում են հոգ տանել մեր հայրենի հողի բնապահպանման մասին` անշուշտ հասկանալով, որ հիմքում ավելի շատ իրենց գիտական և մասնագիտական հետաքրքրասիրությունն է:
Ակամա հիշեցի տատիս պատմածները իրենց հին տան ու բակի մասին, որտեղ իր բույնն էր դրել “տան ղսմաթ բերող” օձը:
Հ.Գ. Շնորհակալություն Իեն Ռոկկեին, Լևոն Աղասյանին և Ջեֆֆ Էթթլինգին իմ ու երևի թե իմ նման շատերի մեջ այդ սողունի նկատմամբ նորովի վերաբերմունք ձևավորելու համար:
Ա.Ս.