“Տուր և պիտի տրվի քեզ…”.

Բարերար Էլվիս Մադաթյանի կոչը Լոս Անջելեսի հայասեր հանրությանը

“Տուր և պիտի տրվի քեզ…այն չափով որ դու տաս, նույն չափով և քեզ կտրվի”…Աստվածաշնչյան պատգամը իմ առօրյայի կարգախոսներից է նաև: Անշուշտ խոսքը միայն գումարը չէ, այլ ամեն մի բարի բան, որ կարող է արվել ոչ միայն քո, այլ նաև դիմացինի համար:

Նոյեմբերի 8-ին Grand Party կազմակերպության նախաձեռնությամբ կայանալիք “Վերադարձի երգ” խորագրով Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի համատեղ համերգին աջակցելու գաղափարը իմ ու իմ ընկերների համար ավելին է, քան պարզապես հովանավորությունը: 

Ավելի ճիշտ` այն հովանավորչություն է շատ ավելի լայն իմաստով` ազգայինի պահպանման, լավ երաժշտության տարածման, հայրենիքի կարոտի, Լոս Անջելեսի հայ համայնքի մշակութային կյանքի ծաղկեցման և, ինչու ոչ, մի խումբ նպատակասլաց և բանիմաց երիտասարդների նախաձեռնությունների կողքին կանգնելու իմաստով:

Անվերջ խոսում ենք նրա մասին, թե որքան կարևոր է հայրենիքից հեռու մեր սերունդներին հայ պահելը, սակայն քչերն են այդ խոսքը գործ դարձնում:

 Սա հենց այդ գործի օրինակներից մեկն է, երբ ես ու իմ ընկերները փորձել ենք ոչ միայն խրախուսել երիտասարդների մի խմբի լավ գործ անել, այլ նաև այս համերգին աջակցելով ուզում ենք մեր թեկուզ և փոքր ներդրումն ունենալ այստեղի հայ համայնքի սերունդների հայեցի դաստիարակման գործում: 

Ինձ համար մեծ պատիվ է աջակիցը լինել մի միջոցառման, որի ժամանակ պիտի հանդիպեն մեր երեկը, այսօրն ու նաև վաղը` ի դեմս վաստակաշատ երգիչ Պապին Պողոսյանի և երիտասարդ շնորհաշատ երգիչ Գագիկ Բադալյանի:

Ես և այս նախաձեռնությանն աջակցող իմ ընկերները` “Mr. Martin” Inc տնօրեն Արմեն Սահակյանը, Arbat Banquet Hall-ի տնօրեն Սարգիս Նիկողոսյանը, USA Armenian Life  ամսագրի գլխավոր խմբագիր Ափո Ջաբարյանը միշտ էլ այս կամ այն կերպ մեր աշխատանքով փորձում ենք ծառայել հայ համայնքին: 

Ուրեմն ինչո՞ւ չմիանալ մեզ, թեկուզ և փոքր, բայց խորքում մեծ դեր ունեցող աջակցությունն առաջարկելով այս և նման միջոցառումների կազմակերպմանը, ի վերջո դա լոկ համերգ չէ, այլ ազգայինի վերապրում, երևույթ, որով կարող ենք օրինակ լինել և կրթել մեր վաղվա սերնդին:

Եկեք ամեն մեկս մեր ներդրումն ունենանք` մեր աշխատանքային գործունեությունն ինչ որ կերպ ծառայեցնելով ի նպաստ հայի հոգևոր և ֆիզիկական կեցությանը այս օտար երկրում:

Իսկ ամենափոքր բայց և միևնույն ժամանակ կարևոր քայլը, որ կարող ենք անել հենց այս օրերին, դա համերգին մեր մասնակցությունն է: Մասնակցենք իր տեսակով եզակի միջոցառմանը, որը արժեքների պահպանման, հնի և նորի վերաինտեգրման  հրաշալի փորձ է: Զինվենք ազգային հոգու, մտքի, խոսքի զորավոր ուժով, միասին վերապրենք կարոտն ու լցվենք ապագայի հանդեպ այն հավատով, որ մեզ տալու է Grand Party կազմակերպության երիտասարդների նախաձեռնող խումբը:

“Տուր և պիտի տրվի քեզ…”… ի վերջո պատգամը ոչ միայն այսօրվան է վերաբերում, այն նաև երկնքում գանձեր կուտակելու ճանապարհներից մեկն է: 

Առաջնորդվենք Բարձրյալի Խոսքով` մեր հավիտենության ու երկնային գանձերի պաշարն այսօր ամբարելով:

Նյութի աղբյուր՝ USA Armenian Life