20 ամյա երիտասարդի վթարի պատճառները դեռևս անհայտ են

Վերջին օրերին բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են հոկտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ավտովթարին, որը, ցավոք, մարդկային կյանք է խլել:

20 ամյա երիտասարդը մեր հայրենակիցն է` Ռիչարդ Փանանյան:

Ավտովթարը տեղի է ունեցել I-5 արագընթաց ճանապարհի վրա` Griffith Parki-ի տարածքում: Ըստ ականատեսի պատմածի` առավոտյան ժամը 7-ին մոտ երիտասարդը իր 2004թ. Ford Fiesta մեքենայով բարձր արագությամբ սլանում էր I 5 արագընթաց ճանապարհով` աջակողմյան վազանցումներ կատարելով:

Վազանցումներից մեկի ժամանակ մեքենան թեքվել է ձախ` հարվածելով բեռնատար մեքենայի հետևի մասին, դրանից հետո մեքենան պտտվել է դեպի աջ, այնուհետև, դուրս գալով վերահսկողությունից` մեքենան սկսել է  մի քանի պտույտ կատարել տեղում: Վարորդը դուրս է թռել մեքենայից, մոտ 20 ոտնաչափ բարձրությամբ թռիչքն “ավարտվել է” արագընթաց ճանապարհից  դեպի Colorado փողոց ելքի մասին զգուշացնող ցուցանակի սյան վրա:

Փանանյանի մարմինը սպիտակ կտորով ծածկված մնացել է սյան վրա մի քանի ժամ, մինչ համապատասխան մարմինները կարողացել են այն վայր իջեցնել:

Այդ ժամանակահատվածում ճանապարհը փակվել է երկու կողմերից էլ:

Դեռևս չի պարզվել` արդյոք Փանանյանը եղել է ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ, սակայն հստակ է, որ նա ընթացել է մեծ արագությամբ և նրա ամրագոտին ամրացված չի եղել:

“Որևէ անգամ, երբ դուք գերազանցում եք արագությունը և չեք կրում ամրագոտին, դուք “լավ շանս” ունեք վնասվելու, եթե ոչ մահանալու”,-ասել է Կալիֆորնիայի ավտոճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Ֆիգուերոան:

Հուսանք, որ այս ցավալի դեպքը սթափեցնող դաս կլինի բոլոր այն վարորդների համար, ովքեր  չեն պահպանում երթևեկության ամենապարզ կանոնները և հակված են արագությունը գերազանցելու կամ ամրագոտին չկրելու:

Ով իմանա, միգուցե անկախ վթարից հնարավոր լիներ փրկել երիտասարդի կյանքը, եթե միայն նա ամրացրած լիներ ամրագոտին, ամեն դեպքում նրա մարմինը չէր “կախվի” օդում մի քանի ժամ շարունակ:

Ա.Ս.