Զգուշացեք. շուկայում առկա պանիրների որոշ տեսակներում հայտնաբերվել է լուրջ հիվանդություն, ընդհուպ մահ հարուցող բակտերիա

Կալիֆորնիայի ընկերությունը շուկայից հետ է հավաքել մի քանի ապրանքանիշերի փափուկ պանիր այն բանից հետո, երբ բացահայտվել են ծանր հիվանդության 24 դեպքեր երկրով մեկ, ընդհուպ` մահվան դեպք` Օհիոյում:

Ինչպես նշվել է www.nbclosangeles.com կայքը, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ուրբաթ օրը հայտարարել է, որ  Karoun Dairies, Inc-ը իր կամքով շուկայից հետ է հավաքել պանրի մի քանի տեսակներ և դադարեցրել է դրանց արտադրությունը: Դրանց թվին են պատկանում հետևյալ անուններով հայտնի պանիրները`   Karoun, Arz, Gopi, Queso Del Valle, Central Valley Creamery and Yanni:

Ըստ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի` հիվանդների 2/3-ը Մերձավոր Արևելքի կամ Արևելյան Եվրոպայի ծագումով են, կամ մարդիկ են,ովքեր գնումներ են արել մերձավորարևելյան ոճի նպարատներից:

Հիվանդների մեծ մասը հաղորդել է, որ իրենք կերել են Մերձավոր Արևելքի, Արևելյան Եվրոպայի, Միջերկրական և Մեքսիկական տեսակի պանիրներ:

Կենտրոնը հայտարարել է, որ պանրի հետ կապված հիվանդությունների դեպքերը բացահայտվել են դեռևս 2010թ.-ից: Վերջին դեպքերը բացահայտվել են նախորդ ամիս:

Karoun Dairies-ն իր հայտարարությունում նշել է, որ իր ապրանքատեսակներից ոչ մեկում դեռևս հայտնաբերված չէ լիստերիա բակտերիան, բայց իրենց ապրանքատեսակները հետ են կանչվել շուկայից այն ժամանակ, երբ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ինչպես նաև Սննդի և Դեղորայքի վարչությունը տեղեկացրել են հնարավոր ախտահարման մասին:

Հիվանդներից 5-ը եղել են հղի կանայք, որոնցից մեկը հիվանդության արդյունքում կորցրել է երեխային: Հիվանդության դեպքերից 14-ը Կալիֆորնիայում են, մնացածը` Օհիո, Կոլորադո, Իլինոիս, Մասաչուսեթս, Միչիգան, Նյու Յորք, Թենեսի  և Վաշինգտոն:

Լիստերիան հիմնականում ազդում է տարեցների, թույլ իմունային համակարգ ունեցողների, հղի կանանց, նորածին երեխաների վրա: Այն կարող է առաջացնել մկանային ցավ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, ջերմություն և կարող է ճակատագրական լինել:

Այն կարող է հանգեցնել նաև վիժման, վաղաժամ ծննդաբերության, մահացած պտուղի ծննդի, ինչպես նաև նորածինների լուրջ հիվանդությունների և մահվան:

Հիվանդությունն ունի ծանր ընթացք և գրեթե հնարավոր չէ բուժել տնային պայմաններում:

Հ.Գ. Հարկ ենք համարում նշել, որ ախտահարված պանիրների տեսակները հայկական նպարատներում առավել շատ վաճառվող պանիրներից են, հետևաբար ևս մեկ անգամ կոչ ենք անում  մեր հայրենակիցներին զգուշանալ ախտահարվելուց:

Ա.Ս.