Էլեկտրոնային ծխախոտ` օգուտ. թե վնաս չծխողների համար

Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրի մանկաբույժները հրապարակել են իրենց ուսումնասիրությունները էլեկտրոնային ծխախոտների /այսուհետ` է-ծխախոտ/ մասին: Ըստ նրանց` դեռահասները և երիտասարդ չափահասները, ովքեր երբևէ օգտագործել են է-ծխախոտ, ավելի են հակված հետագայում ավանդական ծխախոտ օգտագործելու:

Մեկ տարվա ընթացքում շուրջ 700 երիտասարդների սովորույթների  ուսումնասիրությունը ցույց  է տվել, որ երիտասարդ չծխողները, ովքեր ցույց են տվել, որ հետաքրքրված չեն ծխելով, ավելի հավանական է` ձևավորեն ծխելու սովորույթ, եթե նախկինում օգտագործել են է-ծխախոտ:

Է-ծխախոտները տաքացնում են նիկոտինով և հաճախ տարբեր համերով համեմված այլ քիմիական նյութերով լցված հեղուկը: Ընդհանուր առմամբ համարվում է, որ դրանք ավելի անվտանգ են, քան սովորական ծխախոտները, որոնց ծուխը առաջանում  է քաղցկեղ առաջացնող քիմիական նյութեր պարունակով ծխախոտի այրմամբ:

Քանի որ ավելացել է է-ծխախոտի օգտագործումը, փորձագետները ակտիվորեն քննարկում են, արդյոք դա օգուտ է, թե` վնաս սպառողների համար, և արդյոք պետք է է-ծխախոտները ներառվեն ծխախոտային արտադրանքների շարքում:

Ոմանք մատնանշում են, որ է-ծխախոտները օգնում են, որ դեռահաս ծխողները խուսափեն ավանդական ծխախոտից: Փորձագետների մյուս մասը նշում է, որ այդ սարքերը, որոնք երբեմն շուկա են հանվում պատանիների համար հաճելի համերով, կարող են երիտասարդների մեջ ավելի մեծ կախվածություն ձևավորել, որը հետագայում կվերածվի ավանդական ծխախոտ ծխելու սովորույթի:

Այս երկու երևույթների փոխկապվածությունը ուսումնասիրելու համար Փիթսբուրգի, Դարթմութի և Օրեգոնի համալսարանների հետազոտողները ամբողջ ԱՄՆ-ով հարցումներ են անցկացրել այն երիտասարդների մեջ, ովքեր երբևէ չեն ծխել և չեն էլ պատրաստվում ծխել:

Անձի զգայունությունը ծխելու նկատմամբ ստուգելու համար օգտագործել են երկու հարց`  “Եթե ձեր ընկերներից մեկը առաջարկի ծխախոտ, կծխե՞ք”, “ Ի՞նչ եք կարծում, մյուս տարվա մեջ ինչ որ մի օր հնարավո՞ր է որ դուք ծխեք”:

Հարցումներում առաջարկվել են պատասխանների հետևյալ տարբերակները` “միանշանակ այո”, “ամենայն հավանականությամբ այո”, “ամենայն հավանականությամբ ոչ”, “միանշանակ ոչ”: Այն անձինք, ովքեր պատասխանել են առաջին 3 տարբերակներից մեկը, դուրս են մնացել հետազոտությունից: Այսպիսով, մասնակցել են 694 չծխող մասնակիցներ:

Այս մասնակիցներից մի քանի հոգի, ովքեր բացարձակապես հետաքրքրություն չէին ցուցաբերել ծխախոտի նկատմամբ, նախկինում օգտագործել են է-ծխախոտ: Գիտնականները դրանից հետո մեկ տարի հետևել են նրանց` տեսնելու համար արդյոք նրանց մոտ կառաջանա հակում դեպի ավանդական ծխախոտը:

678 մասնակիցներից 128-ը, ովքեր նախկինում չեն ծխել է-ծխախոտ, սկսեցին որոշակի հակում ցուցաբերել դեպի ավանդական ծխախոտը, 63-ը այլևս չէին ասում “միանշանակ ոչ”, իսկ 65-ը սկսեցին ծխել:

“Այս արդյունքները շատ մտահոգիչ են, որովհետև շատ դեռահասներ և երիտասարդ չափահասներ, ովքեր նիկոտին են ընդունում է-ծխախոտի միջոցով, գտնվում են հետագայում ավանդական ծխախոտ ծխելու ռիսկային գոտում, եթե նույնիսկ մինչ այդ նրանք մտադիր չէին”,- ասում են ուսումնասիրության հեղինակները:

Ուսումնասիրողները, սակայն, նշում են, որ իրենց հետազոտած համամասնության մեջ նախկինում է-ծխախոտ օգտագործած դեռահասներն ու երիտասարդ չափահասները կազմում են ընդամենը 2,3%:

“Կարող է մեկնաբանվել, որ այս փոքր տոկոսը չի կարող հուշել մեծ ռիսկի մասին,  ինչևէ, 2015թ. հրապարակված  տեղեկատվությունը ցույց է տալիս, որ հարցվողների մեծ խումբն է պարաստվում օգտագործել է-ծխախոտ, նրանց միայն կեսն է պատրաստ չծխել ավանդական ծխախոտ”,- գրում են հեղինակները:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի վերջին զեկույցում նշվում է, որ ավագ դպրոցի աշակերտների մեջ է-ծխախոտ ծխողների թիվը աճել է 2013թ.-ին 4,5 %-ից մինչև  13,4%` 2014 թ. – այսպիսի թռիչք ընդամենը մեկ տարում:

ԱՄՆ  սննդի և դեղորայքի վարչությունը այժմ քննում է` պարտադրել է-ծխախոտի ձեռք բերման և օգտագործման հստակ կանոնակարգեր:

“Մինչ շատերը վկայակոչում են է-ծխախոտի օգուտը կամ վնասը, պնդում են, որ կարիք կա լրացուցիչ ուսումնասիրությունների, այս տվյալները գալիս են փաստելու, որ  է-ծխախոտները “տանում են” դեպի ավանդական ծխախոտի օգտագործում` ձևավորելով կախվածություն նիկոտինից”,-  Ամերիկյան բժշկության ասոցիացիայի խմբագրությանը գրել է Ջոնաթան Քլեյնը`  ԱՄՆ-ի մանկաբույժների ակադեմիայի գործադիր տնօրենը, -“Մենք կարիք չունենք այս հարցի լրացուցիչ ուսումնասիրության, մենք կարիք ունենք, որ այս փաստերի հիման վրա ձևավորվի քաղաքական կամք մեր երիտասարդությանը պաշտպանելու համար”:

Ա.Ս.

Աղբյուրը` Los Angeles Times