հարցազրույց «Էրեբունի» սիրողական թատերախմբի ղեկավար Արամազդ Ստեփանյանի հետ
Արվեստի մեջ ամենից թանկն ու արժեքավորն այն է, որ գալիս է սրտից, ներշնչումից ու ոգևորությունից։
Լոս Անջելեսի «Էրեբունի» նորաստեղծ թատերախումբը վերոհիշյալ խոսքերի վառ ապացույցն է։ Օգոստոսի 15-16 -ին Գլենդելում սիրողական թատերախումբը հանդես եկավ պրեմիերայով` հայ կատակերգակ և երգիծաբան գրողներ Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի գործերից ընտրված մեկ արարով կատակերգություններով:
Ծրագիրն այնքան հագեցած էր, որ ընգրկում էր նաև պոեզիայի տարրեր` նվիրված Ալեքսանդր Ծատուրյանի 150-ամյակին` պիեսից պիես անցումները լցնելով երգիծաբանի «Գրչի հանաքներ» ժողովածուից ասմունքով և փոքրիկ խաղարկումներով։
Առաջին հայացքից թվում էր` 19-րդ դարի մեծանուն գրողները դարեր առաջ են ստեղծագործել և ոչ մի ընդհանուր կապ չկա մեր ժամանակների՝ մանավանդ օտար երկրում ապրող հայ հանդիսատեսի հետ, սակայն դահլիճի արձագանքից ակնհայտ էր, որ այդ երեկո արծածվող խնդիրները միշտ եղել ու միշտ էլ լինելու են արդի մեր հասարակության համար:
Դահլիճը շնչում էր, համակ ուշադրությամբ հետևում դերասանների խաղին, հրճվում ու ցավում` վերապրելով յուրաքանչյուր կերպարը։
Անգլիայում կրթություն ստացած իրանահայ բեմադրիչ Արամազդ Ստեփանյանը «Էրեբունի» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է. ռեժիսոր, ով ունի սուր, ժամանակի հետ համահունչ թեմաների ընտրության հիանալի «հոտառություն», դերասան՝ մեծ իմպրովիզացիայի վարպետ` օժտված անգլիական նուրբ սրամտությամբ։ Շնորհիվ իր 35-ամյա թատերական փորձի, իր սրամտության ու արագ կողմնորոշվելու հատկության` սիրողական թատերախմբի նավապետը ներկայացումների ընթացքում կարողացավ «փրկել» ժամանակ առ ժամանակ խուճապի մատնված դերասանների կողմից բեմում ստեղծված քաոսը։
Հաշվի չառնելով դերասանների հուզմունքը (առաջին անգամ բեմ բարձրանալը), գուցե նաև նյութին ոչ լիարժեք տիրապետելը(որոշ դրվագներում հուշատետրով հանդես գալը, որը խանգարում էր/կաշկանդում ազատ բեմական շարժմանը)՝ երեկոն կարելի էր համարել հաջողված։ Թեև դերախաղում որոշ թերացումներ կային, ի զարմանս ինձ՝ խաղացող ոչ պրոֆեսիոնալ դերասանները փայլում էին բեմում իրենց հարուստ դիմախաղով ու անմնացորդ վերամարմնավորմամբ։
Ռեժիսորի մասին առանձնահատուկ հիացմունքս արտահայտելու փոխարեն որոշեցի հարցազրույց վերցնել՝ լոսանջելեսաբնակ հայերին ծանոթացնելու մի արվեստագետի, ով հիրավի ապրում է բեմով, ում համար թատրոնը կյանքն է, ով երբեք արվեստն առևտուր չի դարձնում, և վերջապես մեծատառով ՄԱՐԴ է ու ՀԱՅՐԵՆԱՍԵՐ։
Ինչո՞վ է պայմանավորված այս պիեսների ընտրությունը։
Ամեն ինչ սկսվեց 2001 թվականից, երբ Փարիզում իրանահայ առաջադեմ և անվանի բեմադրիչ Արբի Հովհաննիսյանը հրատարակեց հայկական մեկ-արար թատերախաղերի ժողովածուներ՝ երեք հատորով: Ես նրա աշխատանքը շատ բարձր գնահատեցի՝ համարելով դա մեծ ծառայություն հայ թատրոնին և իմ նման թատրոնի աշխատողներին, որոնց համար թատերախաղերի լայն ընտրություն ունենալը ամենակարևոր գրավականն է` էական, նշանակալից և միևնույն ժամանակ հանրամատչելի թատերական ներկայացումներ ստեղծելու համար: Բեմադրելով այդ գործերը ու կենդանի շունչ հաղորդելով՝ փորձեցի շնորհակալությունս հայտնել: Նրա հատորներում ևս կային Երվանդ Օտյանի ու Հակոբ Պարոնյանի պիեսներից։ Անպայման ուզում էի երգիծական պիես բեմադրել, սակայն Օտյանից ընտրեցի մեկ այլ պիես, մի քիչ փոխեցի, կարելի է ասել գրեցի նոր պիես՝ «Եդեմական սրճարան» ՝ հիմնված Օտյանի «Զավալն» պիեսի, որպիսի հարմարեցնեմ մեր սկսնակ թատերախմբին։ Ես իմ պարտքն եմ համարում բեմադրել այդ հատորներից ինչքան կարող եմ և ինչքան կարելի է: Ուզում էի սկսել «Հաջի Սուլեյմանից», քանի որ այն առաջին պիեսներից է, որ գրվել է աշխարհաբարով, սակայն դերասանական կազմի ուժերից վեր էր։ Այդ պատճառով սկսեցի ուշադրություն դարձնել ավելի շատ այս կատակերգական տեսարաններին։
Ի՞նչ ակնկալիքներ ունեք հանդիսատեսից։ Կարծում եք ժամանակակից հանդիսատեսին հետաքրքիր ու մատչելի՞ է 19-րդ դարի թատերգությունը:
Լավ թատրոնը, լավ արվեստը հին ու նոր չունի: Ժամանակաշրջանը կապ չունի։ Գործի արժեքն է կարևոր։ Եթե պիեսը լավ է բեմադրված, հետաքրքիր կլինի։ Օրինակ, գյուղական հեռախոսը մեծ խանդավառություն ուներ «գորբաչովյան» օրերին, բոլորս հույս ունեինք, որ Հայաստանում մի քանի տարիների ընտացքում մեծ փոփոխություններ կլինեն: Հիմա էլ հույսեր ունենք, որ գյուտերը կփոխեն մեր կյանքը: Հիշում եմ` իմ ժամանակ ինքնաթիռի գյուտը ինչ հույսեր տվեց։ Ամեն ինչի առաջին անգամն է հուսադրող։
Հավատո՞ւմ եք, որ սփյուռքում մայրենի լեզվով խաղացող սիրողական թատերախումբը կարող է զարգանալ:
Ոչ սիրողականը, ոչ էլ արհեստավարժը: Սիրողականը ԿԳՈՅԱՏԵՎԻ մի քիչ ավելի երկար… Ոչ սիրողականը, ոչ պրոֆեսիոնալը չի կարեղ զարգանալ Սփյուռքում, մանավանդ` պրոֆեսիոնալը։ Վերջին 2-3 տարիներին բեմադրություն չի եղել։ Մասնագետ չի մնացել։ Բերում են միայն Հայաստանից։ Չկան երիտասարդ դերասաններ, քանի որ հայերեն չգիտեն, չեն կարողանում կարդալ, իսկ եթե 100-ից մեկն էլ կարդալ գիտի, նա չի հետաքրքրվում թատրոնով։ Հայոց լեզուն շնչահեղձ վիճակում է, կարծում եմ երկար չի ապրի, օտարության մեջ կմահանա։ Այսօր ոչ-ոք հայերեն չի սովորում, օրինակ, 80-ականներին եկած հայերի այսօրվա սերունդը հայերեն չի խոսում։ Երեխաների մոտ խանդավառություն չկա՝ հայերեն սովորել։ Լեզուն չի կարող գոյատևել, ուր մնաց թատրոնը։ Գլենդելում դեռ հայեր մնացել են, հայերեն գրող-կարդացող, Անգլիայում 4 դերասանից երկուսը հայերեն չգիտեին կարդալ։ Այդ պատճառով Լոնդոնից եկա Լոս Անջելես, քանի որ միշտ ուզեցել եմ հայերենով բեմադրել՝ հայերի համար։ Ցավոք, այստեղ ևս նշմարելի է հետդարձը, որին այդքան շուտ չէի սպասում։ Երևի մոտս Դոն Կիխոտյան ռոմանտիկ ապրումներ են, իմ յուրաքանչյուր գործով փորձում եմ դանդաղեցնել պրոցեսը՝ վերջնական անհետանալը որպես հայ ժողովուրդ։
Հայկական թատրոնը կարո՞ղ է որևէ բան փոխել:
Թատրոնի ամենահաջող ժամանակն այն է, երբ հասարակությունը նորմալ վիճակում է, չկան տնտեսական ու քաղաքական ծանր խնդիրներ։ Զարգացած և առաջադեմ հասարակությունների մեջ, իհարկե, թատրոնն ավելի օգնում է զարգացմանը։ Որոշ տեղերում ու դեպքերում նույնպես ազդեցություն թողնում է։ Օրինակ, ռուսական հեղափոխության ժամանակ Իբսեն բեմադրելիս ուժեղ արձագանք էր առաջանում հանդիսատեսի մոտ։ Կարճ ժամանակով, իհարկե, հետո անցնում էր։ Սակայն ԱՄՆ-ում մարդիկ գրեթե թատրոն չեն գնում։ Եթե գնում են, անպայման կատակերգություն են ուզում. օրինակ, ենթադրում եմ, եթե Վահիկ Փիրհամզենին լուրջ գործ բեմադրի, նրան չեն ների։ Եթե փորձի լուրջ թեմաներից խոսել, մտածելու տեղիք տա, գուցե այդքան հանդիսատես չհավաքի: Հանդիսատեսն այնքան է հոգնած առօրյա հոգսերից, որ ցանկանում է միայն լիցքաթափվել և ավելորդ անգամ խորիմաստ մտքերով չծանրաբեռնվել։ Հետո արձագանքներ չկան, մամուլ չկա, առողջ ու մասնագիտական քննադատություն չկա։ Հեռուստատեսությունից ոչ ոք չի անդրադառնում առօրյա մշակութային կյանքին։ Այսքան տարի բեմադրություն եմ արել, հանդիսատեսից այն կողմ ոչ ոք չի խոսել, հետևաբար ի՞նչ ազդեցություն կարող է թողնել: Ոչ ոք այստեղ հայերեն թերթ չի կարդում, կա մի Ասպարեզ, որ ճահիճ է։ Արևմտահայերն ունեն, պարսկահայերը նույնիսկ թերթ չունեն, իսկ հայաստանցինեը չեն կարդում։
Թատերախմբում չկան երիտասարդ դերասաններ: Ինչու՞:
Հայերեն իմացողները պակասում են շատ արագ: Նաև Լոս Անջելեսում հայկական, մանավանդ հայաստանյան բեմադրությունները այնքան թույլ և անհետաքրքիր են, որ եթե կան էլ հայերենին տիրապետող երիտասարդներ, թատրոնով չեն հետաքրքվում: Հայ թատրոնը երիտասարդների համար գրավիչ չէ, որովհետև այստեղի բեմադրիչները լավը չեն ու բեմադրությունները արժեքավոր գործեր չեն։ Երևի թե միակ հաջողված բեմադրությունը Արթուր Դարբինյանի «Տրամվայ Ցանկություն» պիեսն էր , դրամատուրգ՝ Թենեսի Վիլիամս։ Որոշ խաղարկություններ լավ են եղել, օրինակ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև»՝ Վիոլետա Գևորգյանի գլխավոր դերակատարմամբ։ Շատ լավ ու հետաքրքիր էր առաջին անգամ, տարիներ առաջ։ Այս անգամ արդեն ավելի անհաջող էր, անցումները հստակ չէին, դերասանների ձայնը չէր լսվում, նույնիսկ Վիոլետան խաղում էր առանց հնչերանգի, մեկ նոտայի վրա: Միքայել Պողոսյանը հյուրախաղերով եկավ «Welcome to USA”, չկարողացա մինչև վերջ նայել, թեպետ ես սովորություն չունեմ կեսից դուրս գալ՝ նույնիսկ ամենավատ ներկայացման դեպքում։ Նրա խաղը խաբեություն էր, ոչինչ էր, հիմարություն, ոչ մի արժեքավոր բան, ամոթ էր, խաղ բացարձակ չկար, չէին խաղում, ոչինչ բեմում չէր կատարվում, որպեսզի գնահատեի։ Նույնիսկ նմանակումն էր անհաջող. պարսկահայի դեր ես խաղում, օրինակ, ճիշտ պետք է խոսես: Միակ լավ բանն այն էր, որ ներկայացումը 50 րոպեանոց էր: Միքայել Պողոսյանը շաաա՜տ լավ դերասան է, բայց ներկայացման միտքը հենց գումար աշխատելն էր։ Նույնը կարող եմ ասել Վարդան Պետրոսյանի մասին։ Նա Հայաստանում հարգված է ու մեծ ակնկալիքով գնացի, բայց հիասթափությունս շատ մեծ էր։ Բեմի վրա ոչինչ չկար, ինքը միայնակ կանգնած, 2 ժամվա ընթացքում 1-2 հետաքրքիր բան ասաց, մնացածը կրկնվող կամ այնպիսի մտքեր, որոնց մասին գիտեինք բոլոր սփյուռքահայերս՝ արտագաղթի ու ցեղասպանության, իսկ տոմսը 60 դոլլար արժեր։ Ամենուր առևտուր է, գումար աշխատելու ձև, երևի միայն 2-3 բացառությամբ, մնացածից ոչ մեկ նվիրված չէ թատրոնին, մնացածի մոտ իրենց Էգո-ն այնքան մեծ է, որ թատրոնին նայում են որպես եկամուտի և ճանաչված լինելու միջոց։ Իսկ իրականում՝ ոչ-ոք թատրոն չի սիրում։ Այնքան չեն սիրում, որ չեն գնում ներկայացում դիտելու:
Դերասանների լեզվային ու մշակութային տարբերությունները արդյոք խոչընդոտ չե՞ն հանդիսանում պիեսների ընտրության մեջ:
Այդ մտահոգությունը այլևս «մտահոգվելուց» անցել է: Խոսել այդ մասին` ավելորդ է։ Դերասանները դեռ մի կողմ, հանդիսատեսը չի հասկանում։ Օրինակ, արևմտահայերենով հատված կարդացինք՝ չհասկացան։ Դերասանների համար էլ է դժվար, հեշտ չէ 3 տարբեր ակցենտներով խոսող դերասանների հետ աշխատելը։ Հիմա մեր երիտասարդներն էլ են խառը խոսում, ոչ ոք այլևս մաքուր չի խոսում, խառնվել է ամեն ինչ։ Մեր լեզուն այլևս հստակ չէ, վստահ եմ` շուտով կառաջանա «լոսանջելեսահայերենը»: Հայաստանի հայերը հայոց լեզվի հետ խնդիր չունեն և ավելի շատ հետաքրքրված են անգլերենով ու անընդհատ փորձում են խոսել անգլերեն։ Հեռուստատեսությամբ ոչ ոք գրագետ հայերենով չի խոսում, և դա բնական է, լեզուն կենդանի օրգանիզմ է ու մահանում է, երբ չի օգտագործվում։ Մշակութային զարգացած քաղաքից՝ Լոնդոնից եկա այստեղ՝ մտածելով կկարողանամ Լոս Անջելեսում ապրել և ստեղծագործել, սակայն համեմատած Անգլիայի` այստեղ մշակութային կյանքն ավելի հետամնաց է և այստեղ կարևորը Քիմ Քարդաշյանն է ու անհնար է մրցել. օրինակ` եղբորս աղջկա միակ ուշքն ու միտքը ՝ նմանվել Քարդաշյանին ու 25 տարվա ընթացքում մեկ անգամ թատրոն չի եկել։ Ինչպե՞ս կարող ես մրցել այս տենդենցի հետ
Դուք և բեմադրիչ եք, և դերասան: Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
Երկուսն էլ։ Բեմադրությունը մտավորական հաճույք է, ստեղծագործելու հետ է կապված՝ ուսումնասիրել, կարդալ, ստեղծել, ռեժիսորական աշխատանքը մտքի հաճույք է, գիտակցության հետ կապ ունի։Դերասանությունն ավելի զգայական է, ավելի շուտ՝ խնջույք։ Դերասանական խաղը պարգևում է խաղի գերագույն հաճույքը, իսկ հանդիսատեսի հետ այդ անմիջական կապը ոչնչի հետ համեմատել չես կարող։ Խաղում եմ մեծ պատասխանատվությամբ, մեծ հաճույքով։ Չնայած բեմադրությունը մեկ ուրիշ հաճույք է։
Կա՞ն կոնկրետ դրամատուրգներ, որոնց գործերը ցանկանում եք բեմադրել: Ինչու՞:
Այո։ Իմ սիրած ներկայացումներից որոշները բեմադրել եմ, սակայն կցանկանայի բեմադրել Բերտոլտ Բրեխտ, նաև՝ աբսուրդի թատրոնից պիեսներ։ Շատ եմ սիրում։ Երանի կարողանամ բեմադրել Աղասի Այվազյանի բոլոր գործերը։ Աղասին համաշխարհային մասշտաբի թատերագիրներից մեկն է։ Նրա երկու գործերից՝ «Դեկորներ» և «Ժանգարք» (Վիոլետտա Գևորգյանն ու Թագուհի Հակոբյանն էին խաղում), ամենաառաջին անգամ ես եմ բեմադրել։ Հոյակապ բեմադրություն էր, թույլատրեցի նկարահանել և ցույց տալ հեռուստատեսությամբ, 2 անգամ նկարահանեցին, սակայն երբեք չցուցադրեցին: Չգիտեմ, Արամազդի հանդեպ թշնամություն էր, թե՞ անփութություն: Հավատացեք, հոյակապ բեմադրություն էր։ Արձագանք չկա, հետաքրքրություն չկա:
Այսօր Դուք բեմ չունեք, նման ադմինիստրատիվ հարցերն ինչպե՞ս եք լուծում, որպեսզի ստեղծագործականը չտուժի:
Ո´չ բեմն է կարևոր, ո´չ դահլիճը, ո´չ էլ ուրիշ պարագաներ: Կարևորը փափագն է, կամքը և հնարամտությունը: Իհարկե իդեալական կլինի, եթե գեղարվեստական ղեկավարը զերծ մնա ադմինիստրատիվ հարցեր լուծելուց։ Այսօրվա դրությամբ ես չեմ մտածում սրահի վարձի մասին։ Կարևորը տեղ լինի, նույնիսկ զուգարանում կբեմադրեմ (ծիծաղում է)։ Հավատացեք, տարբերություն չկա՝ փոքրիկ դահլիճ է, թե` Սունդուկյանի բեմը։ Ասեմ, երբեմն ավելի հնարամիտ ես դառնում, երբ հնարավորությունները քիչ են։
Իր բազմամյան ռեժիսորական ու դերասանական ճանապարհն անցնելիս Արամազդ Ստեփանյանը ճանաչել, աշխատել, խաղացել է շատ հայ հայտնի արվեստագետների հետ։ Հետևաբար, հարցազրույցը կշարունակվեր շատ երկար՝ հաշվի առնելով նրա հուշերն ու արկածները։ Այնուամենայնիվ, այսքանով սահմանափակելով մեր հարցազրույցը, մաղթենք նորաստեղծ թատերախմբին սեփական բեմ, անսահման փորձեր, ազատ մտածելակերպ՝ առանց կարծրատիպերի և աջակիցներ, ովքեր կկարողանան օգնել տարբեր հարցերում՝ Սփյուռքում սփյուռքահայերի համար բացված թատրոնը զարգացնելու համար:
Զառա Ղազարյան