Վարորդական իրավունք այսուհետ կարող են ձեռք բերել նաև Կալիֆորնիայում բնակվող օրինական կացության իրավունք չունեցող անձինք

Ի շնորհիվ նոր օրենքի` վարորդական իրավունք կարող են ստանալ նաև Կալիֆորնիայում բնակվող այն անձինք, ովքեր չունեն օրինական կացության իրավունք /առանց փաստաթղթի կամ օրինական կացության իրավունք չունեցող են համարվում այն անձինք, ովքեր թեպետև ունեն այլ երկրի վավերական փաստաթուղթ, սակայն ԱՄՆ-ի քաղաքացի չեն կամ չունեն բնակության իրավունքի փաստաթուղթ` Green Card, White Card/: 

Նմանատիպ օրենք սկսել է գործարկվել նաև Կոննեկտիկուդի նահանգում` հնարավորություն տալով էմիգրանտներին մեքենա վարել օրինական դաշտում: Օրենքը պայմանականորեն կոչվում է California Assembly Bill 60 /AB 60/:

Այս օրենքի շրջանակներում ձեռք բերված վարորդական իրավունքը չի հանդիսանալու անձը հաստատող փաստաթուղթ /ID/:

Օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից: Մինչ այդ հաշվարկված էր, որ առնվազն 1,6 միլիոն էմիգրանտներ են դիմելու առաջիկա մի քանի տարիների ընթացքում, սակայն արդյունքն առաջին ամսվա համար ապշեցնող էր: Այս նպատակով պետությունը ավելացրել է 800 աշխատողներ Շարժիչային տրանսպորտային միջոցների բաժնում /այսուհետ` DMV/, որոնք աջակցելու են վարորդական իրավունքի դիմելու գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու և իրագործելու հարցում: Դեռևս 2014թ. նոյեմբեր ամսին չկար ազատ հանդիպման ժամ մինչև 2015 թ. փետրվար ամիսը: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հազարավոր էմիգրանտներ կարիքն ունեն այդ մասին տեղեկանալու` սկսած 2014 թ նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներից Լոս Անջելեսի տարբեր համայնքներում կազմակերպվեցին իրազեկման հանդիպումներ` վարորդական իրավունք ստանալու իրավունքի մասին իրազեկելու, ընթացակարգը մատչելի կերպով հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև քննություններին նախապատրաստելու համար:

Լոս Անջելեսի Ոստիկանության վարչության լեյտենանտ Խուան Գոնզալեզը այդ առիթով իր խոսքում նշել է, որ իրենք գիտեն` Լոս Անջելեսում կա էմիգրանտների մեծ հանրություն, ովքեր որևէ փաստաթուղթ չունենալով` վարում են մեքենա քաղաքում և ամբողջ նահանգում: Նշել է նաև այն փաստը, որ մեծ է ավտոպատահարների թիվը, երբ վարորդը վթարի վայրից փախուստի է դիմում, որովհետև չունի վարորդական իրավունք: Այս երևույթը բացասական է անդրադառնում նաև վարորդական իրավունք ունեցող անձանց վրա և նման դեպքերում նրանք հայտնվում են անելանելի վիճակում: Հետևաբար ցանկալի է, որ հնարավորինս շատ վարորդներ ունենան վարորդական իրավունք և մեքենան վարելու գրագետ հմտություններ: /մեջբերումը` հանրային ռադիոյի տեղեկատվական կայքի www.npr.org/:

AB 60-ի շրջանակներում Կալիֆորնիայի վարորդական իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ անձը լինի 16 տարեկան և բարձր, ունենա անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև տեղեկանք Կալիֆորնիայում բնակության մասին:

Ընթացակարգին մանրամասն կարող եք ծանոթանալ http://www.dmv.org/ca-california/ab-60-drivers-license.php հասցեում: Այստեղ մանրամասն ներկայացված են քայլերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հնարավորություն է տրված օն լայն հանդիպում նշանակելու և որոշ փաստաթղթեր լրացնելու:

Հ.Գ. Դեռևս  2014թ. աշնանից օրենքը մեծ ոգևորություն էր առաջացրել հանրության այն խմբի մոտ, ովքեր այս կերպ կարող են մեքենա վարելու օրինական թույլտվություն ունենալ: 2015թ. տարեսկզբին Շարժիչային տրանսպորտային միջոցների բաժիններում հերթերն աննկարագրելի էին նույնիսկ այն դեպքում, երբ կար նշանակված ժամադրություն: Մեծ ոգևորությունը հերթական անգամ կամաց-կամաց վերածվում է հուսալքության: Բանն այն է,  որ փաստաթղթերը հանձնելուց և գրավոր քննությունը հանձնելուց հետո պետք է սպասել վարելու թույլտվության փաստաթղթին /permit/, որն ուղարկվում է Սակրամենտոյից` փաստաթղթային փաթեթն ուսումնասիրելուց և գործընթացը սկսելուց հետո: Նախնական տրվում է մինչև 8 շաբաթ ժամանակ, որը հետո պարբերաբար երկարում է 90 օրյա, 6 շաբաթյա և այլ ժամկետներով: Դեռևս այս փուլին չեն հասել 2015թ. փետրվար ամսին ներկայացված դիմումները: Էմիգրանտներին ուղղված հերթական օրենսդրական բարեփոխումը անորոշ ժամկետով սպասումի մեջ է պահում մարդուն, ով գոնե մի հարցով առօրյա հոգսերը թեթևացնելու լույս էր տեսել: 

Հուսանք, որ պատճառը միայն անսպասելի քանակությամբ դիմումներն են, և ոչ թե օրենքը կիրարկելու համար սահմանված անհրաժեշտ հստակ մեխանիզմների բացը:

Ա.Ս.