“Կամրջելով պատմություններ II” ցուցահանդեսը մեկտեղում է հայ և թուրք լուսանկարիչների 2-րդ խմբի ֆոտոպատումները

Ուրբաթ օրը՝ 2020թ․ հունվարի 24-ին դեսպան Թրեյսիի մասնակցությամբ Երևանում բացվեց հայ և թուրք լուսանկարիչների նոր համագործակցության արդյունքում ձևավորված  լուսանկարների ցուցահանդեսը։

Այս հավաքածուն կազմված է 20 հայ և թուրք ֆոտոլրագրողների աշխատանքներից, որոնք 4 ամիս զարգացրել են իրենց ֆոտոլրագրողական գիտելիքներն ու հմտությունները և որսացել են այնպիսի պահեր, որոնք լավագույնս ներկայացնում են իրենց կենցաղը և շեշտում են աշխարհի բոլոր երիտասարդներին միավորող ընդհանրությունները։

«Ճանապարհորդելիս ես կարողացել եմ հասկանալ, որ այն ինչ միավորում է մարդկանց, շատ ավելին է, քան այն ինչ բաժանում է մարդկանց։ Ուրախ եմ, որ ծրագրի տաղանդաշատ մասնակիցները՝ Հայաստանից և Թուրքիայից, կարողացել են որսալ հենց այդ միավորող պահերը և ի ցույց դնել կյանքի այդ պարզ ընդհանրությունները, որոնք մեզ հիշեցնում են, որ նմանությունները շատ ավելին են, քան տարբերությունները», — ասաց դեսպան Թրեյսին ցուցահանդեսի բացման ժամանակ։

ԱՄՆ դեսպանության ֆինանսական օժանդակությամբ այս ծրագիրն իրականացրել է «Պատմագիր սրճարան» հասարակական կազմակերպությունը՝ համաուսուցանողներ Անուշ Բաբաջանյանի և Սաբիհա Չիմենի ղեկավարությամբ և National Geographic-ի հայտնի լուսանկարիչ Ջոն Սթենմայերի մասնակցությամբ։ «Կամրջելով պատմություներ» նախաձեռնությունը՝ ինստագրամյան իր էջում մասնակիցների կողմից արված լուսանկարները զետեղելու և դրանցում երկու երկրների երիտասարդների հետաքրքրությունների ու փորձառութունների նմանությունները ներկայացնելու շնորհիվ հայտնվել է աշխարհի տարբեր ծայրերի մարդկանց ուշադրության կենտրոնում։ Այս պահին ՆՓԱԿ-ում 60 լուսանկար է ներկայացված,  որոնք լավագույնս ի ցույց են դնում նախաձեռնության գաղափարը։

Մասնակիցների ընտրությունն իրականացվել է մրցութային հիմունքներով, ապա նրանք հնարավորություն են ստացել 2019թ․ օգոստոսին Դիլիջանում մասնակցել ուսումնա-ստեղծագործական ճամբարի, որից հետո շարունակել են աշխատել մյուս մասնակիցների ու պ-ն Սթենմայերի, տ-ն Բաբաջանյանի և տ-ն Չիմենի հետ՝ կատարելագործելու լուսանկարչական պատումներ ստեղծելու իրենք հմտությունները։ Իսկ հաջորդիվ մասնակիցները լուսանկարել են կյանքն ու կենցաղը իրենց քաղաքներում ու համայնքներում  և զետեղել դրանք «Կամրջելով պատմություններ» նախաձեռնության ինստագրամյան էջում @bridging.stories՝ շարունակելով պահպանել կապը միմյանց ու գլոբալ հետևորդների հետ։

Երևանյան ցուցահանդեսն իր դռները կբացի ՆՓԱԿ-ում (հասցեն՝ Բյուզանդի 1/3) հունվարի 24-ին և կշարունակվի 10-ն օր։ Մուտքն ազատ է։