Հուլիսի 15-ից 17-ը Ծաղկաձոր քաղաքում անցկացվեց «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոնը, որտեղ Հայաստանի և այլ երկրների տասնյակ պատանիներ, արվեստագետ խմբեր, անհատ կատարողներ կարողացան ներկայացնել երգ ու պար: Ու թեպետ կազմակերպիչների տարածած պաշտոնական հաղորդագրությամբ՝ այս փառատոնը ևս մեկ անգամ պետք է հնարավորություն տար մեծացնել երեխաների և երիտասարդների հետաքրքրությունը դեպի արվեստը, խթանել տարբեր երկրների ներկայացուցիչների ու մշակույթների միջև շփումը, բայց, ինչպես երևում է, կազմակերպիչներն այս անգամ շեղվել են իրենց իսկ որդեգրած սկզբունքներից:
Պարզվում է՝ ծանոթների միջոցով «հաջողություն» գրանցելու, առաջին հորիզոնական զբաղեցնելու ավանդույթները հասել են նաև մանկական մրցույթներ, որտեղ անձնական շահը վերադասում են երեխաների զգացմունքներից: Ամիսներ տևած քրտանաջան փորձերին, լավագույնս ներկայանալու և ըստ արժանվույն գնահատվելու փոխարեն երեխաներն իրականում բախվել են դասական մի օրինակի, երբ առաջին հորիզոնականը նվիրել են կազմակերպիչներից մեկի գլխավորած պարային խմբին: Կազմակերպիչներից Ռոբերտ Մկրտչյանի անվան հետ կապվող «Դիսնեյ» խումբը պարարվեստի մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Մի քանի առաջին, երկրորդ ու երրորդ հորիզոնականների մեջ Գրան պրին էլ ստացել է Nostalgie խումբը:
Ի զարմանս ներկաների, Սոֆի Դևոյանի պարային խումբն ու RobStyle խումբը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը՝ չնայած հենց այս խմբերն էին ի սկզբանե համարվում ֆավորիտ:
Մրցույթի արդյունքները վրդովեցրել են ներկաներին, ովքեր կիսվել են իրենց կարծիքով ու նշել, որ անգամ ոչ պրոֆեսիոնալ աչքով ակնհայտ է՝ ժյուրին կողմնապահ է և գնահատել է ոչ թե խմբերի պատրաստվածության աստիճանը, պարային շարժումների բարդությունն ու տեխնիկական այլ նրբություններ, այլ առաջնորդվել է կազմակերպիչներին հաճոյանալու սկզբունքով:
Ժյուրիի անդամները՝ նրանց թվում Հայաստանի 2 ներկայացուցիչներ, կամայական ընտրությունից բացի, հանդիսատեսի կողմից ակնհայտ ֆավորիտ խմբերին զրկել են անգամ «Հանդիտատեսի համակրանք» անվանակարգից՝ այսպես ևս մեկ անգամ հիասթափեցնելով մասնակիցներին ու նաև ներկաներին, ովքեր ակտիվ աջակցել են հայկական այլ խմբերի սաներին:
Ստացվում է, որ միջազգային ֆորմատներն ու տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությունն անգամ չեն կաշկանդում կազմակերպիչներին սեփական ես-ը երեխաների հիասթափության, անարդարության բախման գնով առաջ տանելու հարցում: