«Թագուհու հյուրը». Մեծ Բրիտանիայում անհայտ անձը փորձել է Բուքինգհեմյան պալատ մտնել, մինչ թագուհին քնած է եղել

Մեծ Բրիտանիայում անհայտ անձը բարձրացել է ցանկապատի վրա և փորձել Բուքինգհեմյան պալատ ներխուժել, երբ Էլիզաբեթ 2-րդ թագուհին քնած է եղել: Դեպքը թագավորական նստավայրում խուճապ է առաջացրել, գրում է The Sun-ը:

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը՝ ժամը 2-ին: 22-ամյա երիտասարդը թակել է պալատի դուռը, ինչից 4 րոպե անց նրան ձերբակալել են:

«Պալատ էր ներխուժել մի տղամարդ, մինչ թագուհին քնած էր իր ննջասենյակում: Նա մինչ ձերբակալվելը մի քանի րոպե ազատ կարողացել է տեղաշարժվել տարածքում»,-պատմել է թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը:

Այս ներխուժումը տեղի է ունեցել բրիտանական թագավորական պատմության մեջ ամենալուրջ դեպքերից մեկից գրեթե 37 տարի անց: Հոգեկան հիվանդությամբ տառապող գործազուրկ Մայքլ Ֆեգանը 1982 թվականի հուլիսի 9-ի առավոտյան ժամը 7-ին ներխուժել էր Բուքինգհեմյան պալատ և մտել թագուհու ննջասենյակ:

Այդ ժամանակ Ֆեգանը սկսել էր պատմել իր ընտանեկան խնդիրների մասին և կոտրել էր սենյակում առկա ապակե մոխրամանը՝ սպառնալով կտրել երակները: Չնայած նրան, որ թագուհին իր սենյակում տագնապի կոճակ էր սեղմել, օգնությունը բավականին ուշ է ժամանել:

Ըստ վարկածի՝ 22-ամյա երիտասարդը մտադիր էր գործել միևնույն սցենարով: Այժմ նա կալանքի տակ է գտնվում:
Աղբյուրը` tert.am