Երգիչ Մհերն, ով վերջին շրջանում, ինչպես երևում է, մասնագիտական դադար էր վերցրել, այժմ ԱՄՆ-ում է: Հայաստանից բացակայելու պատճառների, նոր անելիքների ու նաև քաղաքական վերջին զարգացումների մասին LosArmNews.com կայքը զրուցել է երգչի հետ:
-Մհեր, մեր տեղեկություններով վերջին օրերին ԱՄՆ-ում. կխնդրեմ մանրամասնեք՝ ի՞նչն է Ձեզ Լոս Անջելես բերել, ընտանիքի ուղեկցությա՞մբ եք այստեղ, թե՞ միայնակ, և որքա՞ն ժամանակ եք պատրաստվում մնալ:
– Միացյալ Նահագներ ժամանել եմ մոտ մեկ շաբաթ առաջ և պատրաստվում եմ այս շաբաթվա վերջում ետ գնալ Հայաստան: Այստեղ միայնակ եմ եկել, բայց ընկերներս ու այն ջերմ մթնոլորտը, որ ես զգում եմ իմ հայրենակիցների կողմից, ինձ չեն թողնում միայնակ զգալ:
Նույն զգացումն է, ինչ 3 տարի առաջ, երբ կրկին Միացյալ Նահագներում էի երգահան, կոմպոզիտոր Արամ Սաթյանի մենահամերգին՝ նրա երգերից կատարելու համար: Ինչպես այդ անգամ, հիմա էլ ու կարծում եմ միշտ Միացյալ Նահագներում կզգամ այդ ջերմությունը:
-Եթե չեմ սխալվում շուտով Ձեր ընտանիքում սպասվում է համալրում. նախատեսում եք փոքրիկի լույս աշխարհ գալը Հայաստնու՞մ, թե՞ ԱՄՆ-ում: Արդեն պատկերացնում ե՞ք Ձեզ հոր կարգավիճակում:
-Այո, մեկ տարի է, ինչ ամուսնացած եմ և փառք Աստծո, շատ երջանիկ եմ այն բոլոր իրադարձությունների համար, որ տեղի են ունեցել և ունենում իմ կյանքում:
Մեր բալիկին սպասում ենք աշնանը, առաջնեկս տղա է լինելու, անունը դնելու ենք Անդրանիկ՝ հորս անունով: Երեխաս պարտադիր պետք է ծնվի Երևանում, պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
-Մհեր, հայաստանցի երկրպագուներին առիթ եք տալիս կարոտելու Ձեր մատուցած երաժշտությանը. մասնագիտական ի՞նչ գործունեություն եք ծավալում հիմա: Նոր երգեր ու տեսահոլովակներ ակնկալե՞նք առաջիկայում Ձեզանից:
– Կարծես երկար ժամանակ է, ինչ չեմ ներկայացրել նոր ստեղծագործական աշխատանքներ, բայց վերջերս գրվեց նոր երգ, որի հիման վրա նկարահանվող տեսահոլովակը որոշեցի նկարահանել Միացյալ Նահանգներում: Ինձ այստեղ հրավիրել է հայտնի ռեժիսոր, ազգությամբ ուզբեկ Բախադիր Ուլդաշև, ով նաև իմ «Հայաստան» տեսահոլովակի ռեժիսորն էր:
Ի դեպ, նշեմ, որ մեր նոր ստեղծագործութան գլխավոր հերոսուհին Մերի Մակարյանն է լինելու:
Առաջիկա ծրագրերից ամենասպասվածը առայժմ սա է: Հետագա ծրագրերի մեջ մտնում է նաև մենահամերգ՝ ԱՄՆ-ում :
–Մհեր, Հայաստանից Ձեր այս բացակայության շրջանը համընկավ քաղաքական սկանդալային բացահայտումների, կադրային կտրուկ փոփոխությունների և այլնի հետ: Քաղաքական վերջին զարգացումներին կարծես բավական իներտ եք, կխնդրեմ Ձեր ընդահանուր վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ:
-Ես չեմ կարող տալ որևէ քաղաքական գնահատական հայաստանյան քաղաքական կյանքում տեղի ունեցածի մասին:
Կասեմ հետևյալը՝ բացի նրանից, որ այժմ գործունեություն եմ ծավալում երգարվեստում, դասավանդում եմ Երևանի մշակույթի պետական քոլեջում, ներկայանում եմ նաև որպես նույն քոլեջի կառավարման խորհրդի նախագահ:
Որպես այդ քոլեջի ներկայացուցիչ տարբեր առիթներով (ուսումնական հաստատության վերանորոգում, շենքային անմխիթար պայմանների բարելավում) առնչություն եմ ունեցել Կրթության և գիտության նախարարության նախկին աշխատակազմի հետ: Ցավոք, մեր բարձրացրած և ոչ մի խնդիր լուծում ու արձագանք չի ստացել:
Այժմ մենք աշխատում ենք նոր կառավարութան հետ, ԿԳՆ-ի նոր ղեկավարության հետ ու շատ արագ ստացել ենք դրական պատասխաններ մեզ հուզող խնդիրների համար: Իհարկե ոչ բոլոր հարցերում, բայց դրական քայլերն արդեն շոշափելի են:
-Ունե՞ք վստահություն նոր կառավարության հանդեպ, և ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում մշակութային ոլորտում:
Այն տրամադրությունը, որ կա այսօր հասարակության մեջ, այդ դրական լիցքերը, որը ես տեսնում եմ, այդ հույսը, միանշանակ ողջունելի են:
Ցանկանում եմ, որ իմ ժողովուրդը երջանիկ լինի, լավ ապրի և Հայաստանում ամեն ինչ լինի ավելի լավ, քան երբևէ և միայն ուրախ եմ, որ իմ երեխան ծնվելու է որպես ՀՀ քաղաքացի և ապրելու է լրիվ ուրիշ Հայաստանում:
Մենք՝ որպես երիտասարդներ, ուզում ենք ամեն ինչ անել, որ մեր երկրում տաղանդավոր երեխաներն, ովքեր օրինակ՝ չունեն հնարավորություն ստանալ կրթություն, դուրս գալու ասպարեզ, մեծ բեմեր, կարողանան իրականացնել իրենց երազանքները: Որպես երիտասարդ կադրեր մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ այդ ամենն իրականություն դառնա, իհարկե, միասին՝ մեր նոր Կառավարության հետ: