ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով հարցաքննված Յուրի Խաչատուրովը անազատության մեջ եղել է ընդամենը երկու ժամ. որպես խափանման միջոց նրա համար վճարվել է հինգ միլիոն դրամ գրավ գումար, ինչից հետո գեներալը հայտնվել է ազատության մեջ։
Անընդհատ մտածում եմ՝ էս «կարիքավորին» որտեղի՞ց այդքան փող, երբ կարիքավորության ցուցակով գեներալների շենքից երկու տուն էր ստացել… Չլինի՝ նպաստներո՞վ է ապօրինի հարստացել…
Ի դեպ, ամիսներ առաջ Խաչատուրովների ընտանիքի «կարիքավորության» մասին դատական գործերի հետաքրքիր շարան հայտնաբերեցինք հանրային հարթակներից մեկում, որը ներկայացնում ենք հանրության դատին…
«Բազմիցս անդրադարձել ենք մեր պաշտոնյաների ապրելակերպին, նրանց արժեքային համակարգին և փողի հանդեպ ունեցած նրանց պաշտամունքին։
Այսօր ներկայացնենք ձեզ ՀՀ ամենաճանաչված պաշտոնյաներից մեկին, որը արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ և, ցավոք սրտի, ներկայացնում է ՀՀ-ն միջազգային այնպիսի կառույցում, ինչպիսին ՀԱՊԿ-ն է։
Այսպես. նախկին ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի և ընտանիքի գործունեությունը ու բարոյական նկարագիրը՝ փաստերով։
1/ ԿԵՂԾ ՓԱՍՏԱՓՂԹԵՐՈՎ ԱՊՕՐԻՆԻ ՆՊԱՍՏ ԵՆ ՍՏԱՑԵԼ։ Դատական Գործ N: ԵԱՆԴ/5617/02/15
Յուրի Խաչատուրովի որդի՝ Իգոր Խաչատուրովի կնոջից՝ Աննա Խաչատուրովայից, բռնագանձվել է 216.000 ՀՀ դրամ ավելի ստացված նպաստի գումարը։ Խաչատուրովները Ավանի սոցիալական ծառայություն են ներկայացրել կեղծ տեղեկանք, որ Աննա Խաչատուրովան չի աշխատում, և դրա հիման վրա ստացել են մինչև երկու տարեկան երեխա ունեցող՝ չաշխատող մայրերին հասանելիք նպաստ՝ ամսական 18.000 ՀՀ դրամ։ Կեղծիքը բացահայտվել է, սոցիալական ծառայությունը պահանջել է ավելի ստացված գումարը, սակայն Խաչատուրովները հրաժարվել են վերադարձնել գումարը, և սոցիալական ծառայությունը ստիպված դիմել է բռնագանձման հայցով դատարան, որը բավարարել է, և կատարվել է բռնագանձում։
2/ ԽՈՍԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԵՎ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՎՃԱՐԵԼ
Դատական Գործ N: ԵԱՔԴ/1367/02/12
Հայցվոր «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ Իգոր Խաչատուրովը հանդիսացել է 091-00-01-00 հեռախոսահամարի բաժանորդ: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից վերջինիս մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց պատասխանողը չի վճարել, ինչի հետևանքով նրա դրամական պարտավորությունը հայցվոր կազմակերպության հանդեպ կազմել է 222.026 դրամ: Հայցը բավարարվել է, Իգոր Խաչատուրովից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձվել է 222.026 (երկու հարյուր քսաներկու հազար քսանվեց) դրամ, ինչպես նաև 4.440 (չորս հազար չորս հարյուր քառասուն) դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
3/ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ Դատական Գործ N: ՎԴ/3951/05/17
Հայցվոր Կենտրոնի թաղապետարանը դատարանին հայտնել է, որ Իգոր Խաչատուրովին սեփականության իրավունքով պատկանում են՝ ք. Երևան, Նալբանդյան փողոցի 98 հասցեի 13 բնակարանը, ք. Երևան, Նալբանդյան փողոցի 98 հասցեի 26 և ք. Երևան, Նալբանդյան փողոցի 98 հասցեի 9 հասարակական նշանակության շինությունները։ Սակայն 2014 թ.-ից մինչև 2016 թ.-ը վերջինս տվյալ անշարժ գույքերի գույքահարկերը չի մուծել, որը կազմել է 427.763 ՀՀ դրամ, և խնդրել է բռնագանձել այն։ Հայցը բավարարվել է, Իգոր Խաչատուրովից բռնագանձվել է 427.763 ՀՀ դրամ և 8.555 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
4/ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՎԱՐԿԸ
Դատական Գործ N: ԵԱՔԴ/3302/02/09
«Յունիբանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան և խնդրել է «Էֆֆե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Իգոր Յուրիի Խաչատուրովին պարտավորեցնել վարկային պարտավորությունները վաղաժամկետ կատարել և նրանցից բռնագանձել 54.631.111, 40 ՀՀ դրամ։ Հայցը բավարարվել է, որից հետո կնքվել է հաշտության պայմանագիր։
5/ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ ՆԱԵՎ ՀԱՐԿԵՐԸ
Դատական Գործ N: ԵԿԴ/0115/04/17
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը դատարան ներկայացված դիմումով հայտնել է, որ «Կոֆիսթորի» ՍՊԸ-ի՝ պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունների հանրագումարը 02.05.2017 թվականի դրությամբ կազմում է 4.685.118 ՀՀ դրամ: Քանի որ պատասխանողի կողմից մինչ օրս չի կատարվել պարտավորությունը, դիմումատուն խնդրել է «Կոֆիսթորի» ՍՊԸ-ին ճանաչել սնանկ: Հայցը բավարարվել է, «Կոֆիսթորի» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:
Խաչատուրովի ընտանիքին են պատկանում նաև՝
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԻԼԻԱՐԴԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ, «ԱՐՏ ՓԱԲԼԻՇԻՆԳ» ՍՊԸ, «ԷՖՖԷ» ՍՊԸ, «ՅՈՒՆԻԹՈՅՍ» ՍՊԸ, «ՄԱՐԼԻ» ՍՊԸ, «ԼԱՐՏ» ՍՊԸ, «ԿՈՖԻՍԹՈՐԻ» ՍՊԸ, «ՀԱՅՐԵՆԻՔ» «ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀՄԴ, Ա/Ձ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ ԻԳՈՐԻ, Ա/Ձ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ ԱՆՆԱ, «ՆՈՒԵՎԱ ՎԻՍՏԱ» ՍՊԸ, «ԱՐՏՖԱՐՄ» ՍՊԸ ձեռնարկությունները, որոնց ստեղծման միակ նպատակը փողերի լվացումը և հարկերից խուսափումն է։
Չեմ կարծում, որ ՀՀ ում կգտնվի գոնե մի հոգի, որ կհավատա, որ Խաչատուրովները փող չունեն։ Ակնհայտ է, որ այս ընտանիքի համար ՀՀ-ն օտար երկիր է, նրանք թքած ունեն մեր պետության և օրենքների վրա, նրանց գոյության միակ իմաստը այն է, որ որքան կարող են՝ շատ թալանեն և ոչինչ չվերադարձնեն պետությանը և ժողովրդին։ Այս ֆոնի տակ ինքնին ոչ մի կասկած չի հարուցում, որ Խաչատուրովը մասնակից է բանակի թալանին կամ մեկ շիշ ձրի կոնյակ խմելու համար ապրիլյան պատերազմի ժամանակ չէր կատարի Գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները։ Սակայն ամենացավալին այն է, որ այսօր ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ներկայացնում է գույքահարկ և իր հեռախոսի գումարը չմուծող, հարկեր վճարելուց խուսափող, նպաստ գողացող, սնանկ ճանաչված և Գլխավոր շտաբի պետ եղած ժամանակ անհատ ձեռներեցությամբ զբաղվող Յուրի Խաչատուրովը…»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է ՀԱՊԿ-ին մտածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության մասին, ինչը վերևում հրապարակված և դեռ չհրապարակված փաստերի ֆոնին ուղղակի անհրաժեշտություն է:
Եթե ՀԱՊԿ-ի համար կարևոր է իր հեղինակությունը, ապա համարժեք քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ և շնորհակալություն կհայտնի Հայաստանին նախազգուշացման համար, իսկ եթե ոչ՝ ուրեմն կհաստատի, որ ՀԱՊԿ-ը «ֆուտլյարային» կառույց է, որտեղ անդամ երկրները քանդող ներկայացուցիչներն ավելի ընդունելի են, քան իրենց անձի, պետության արժանապատվությունը, ինչպես նաև միջազգային կառույցի հեղինակությունը բարձր գնահատող պաշտոնյաները: