«Զինվորի բաժին» գրառումով պահածոները հայտնվել են խանութներում. լուսանկարներ

Սննդի անվտանգության պաշտպանության ծառայությունը հայտնում է` զինվորի բաժինն իրացվում է կրկնապիտակներով։

«Զինվորի բաժին» պահածոները հայտնվել են վաճառքի կետերում։ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թիթեղյա տարայի վրա տպագրված «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը ծածկված է եղել թղթե պիտակով, որի վրա արդեն այլ մակնշում է եղել, որտեղ տավարի մսի փոխարեն գրված է եղել` «կարմիր լոբի, խոշոր եղջերավոր կենդանու միս, գլուխ սոխ, գազար, արևածաղկի ձեթ բաղադրությամբ, իսկ համաձայն երկրորդ՝ թղթե պիտակի մակնշման` տավարի շոգեխաշած միս»:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարայի մեջ շոգեխաշած միս է։

Պահածոյի արտադրող «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ-ից ՍԱՊԾ-ին ներկայացված մեկնաբանության համաձայն` այս ընկերությունն արտադրանք է թողարկում ինչպես ՊՆ-ի, այնպես էլ իրացման ցանցի համար, և տեղի է ունեցել թյուրիմացություն՝ աշխատակիցները շփոթել են մի պատվերը մյուսի հետ։

ՍԱՊԾ-ն չի բացառում նաև, որ այդ ձևով փորձ է արվել շրջանառությունից դուրս բերել ավելացած տարաները:

Արտադրողին հանձնարարվել է արտադրանքը հանել վաճառակետերից ու վերացնել խախտումները։

ՍԱՊԾ-ից հայտնում են նաև, որ ուսումնասիրության պահին ընկերությունում արտադրական գործընթաց չի եղել և, համաձայն տնտեսվարողի բացատրությունների, արտադրությունը չի գործում ավելի քան երկու ամիս:

Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն պաշտպանության նախարարությանը:

Հիշեցնենք` «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառմամբ պահածոների մեծ խմբաքանակ էր հայտնաբերվել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում, ավելի ուշ նրա ընտանիքի անդամները փորձ էին արել նույն պահածոների մեկ այլ խմբաքանակ էլ դուրս բերել ԵԿՄ-ի տարածքից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am