Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարել է, որ պաշտպաններից Տիգրան Եգորյանը խնդրել է կես ժամով ընդմիջել նիստը՝ մինչեւ կներկայանա, սակայն մինչ նիստը ընդմիջելը, Պավել Մանուկյանը հայտնել է, որ հայտարարություն ունի անելու: Այսպիսով՝ Պավել Մանուկյանը աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես նշելով, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը: Նշենք, որ խոսքը ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մասին է: Պավել Մանուկյանը եւս մեկ անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արմեն Բիլյանին առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատի գրոհի հեղինակն, ըստ նրա, Մխիթար Ավետիսյանն է:

Նշենք, որ Էդվարդ Գրիգորյանը եւ Մխիթար Ավետիսյանը դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, իսկ Արմեն Բիլյանը գտնվում է կալանքի տակ:

Լրագրողների հետ զրույցում Էդվարդ Ավետիսյանն ու Մխիթար Ավետիսյանը հայտնել են, որ Պավել Մանուկյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում:

Դատական նիստը հետաձգվել է:

Հիշեցնենք, Արմեն Բիլյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության, կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շորթելու, պատանդ վերցնելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու եւ դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող` ավելի քան 14 մլն ՀՀ դրամի գումարը հափշտակելու մեջ: Առաջադրված մեղադրանքներում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Աղբյուրը՝ armtimes.com