«Դա պետք էր ժամանակին սանձվեր ու մի քանի քրֆողների ցուցադրական դատարան տանել, հիմա վիճակը լրիվ ուրիշ կլիներ, իսկ Կարպիսը կգնար աշխատանքի». Ստեփան Դանիելյան

Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ CivilNet կայքին տված հարցազրույցից հետո, որի ընթացքում վերջինս ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հասցեին որոշ արտահայտություններ էր հնչեցրել։

Լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբերվում որոշ շինությունների պատերին՝ ապրիլյանի հերոսներին պատկերող գրաֆիտիներին, Փաշոյանը պատասխանել էր.

«Փողոցային արվեստն այն է, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երևանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում: Մյուս կողմից էլ, ինձ թվում է պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժե: 18 տարեկան տղա է, չարժե նրա անունն այդքան շահարկել»:

Սոցիալական ցանցերում բազմաթիվ օգտատերեր կոշտ քննադատելով Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակի արած արտահայտությունները, պահանջում էին, որպեսզի նա ներողություն խնդրի հերոսի ծնողներից և հասարակությունից: Կարպիս Փաշոյանը ներողություն չխնդրեց, բայց  ֆեյսբուքում գրառմամբ պարզաբանեց հարցազրույցի այդ հատվածը.

«Ես մատնանշում եմ այն փաստը, որ նահատակված զինվորների անունները պարբերաբար քաղաքական շահարկման առարկաներ են դառնում: Ինչ-որ մարդիկ իրենց ստոր նպատակներից ելնելով պատեհ-անպատեհ օգտագործում են Ապրիլյան պատերազմի զգացմունքային ֆոնը: Սա անթույլատրելի է, մենք չպետք է թույլ տանք, որ զոհված մեր եղբայրների անունները օգտագործվեն ու շահարկվեն»:

Երեկ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց՝հայտարարելով իր հրաժարականի մասին։

«Ընկերներ, լավ լուր ունեմ: Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ»,- գրել էր նա:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս պատմությանը, «Կարպիսի պահով» վերնագրով գրառում է կատարել.

«Չեմ քննարկելու, թե ինչ է ասել Կարպիսը, նաև չեմ քննարկելու այն հարցը, որ մամլո քարտուղարի գործը չէ սեփական տեսակետներ հայտնելը։

Սա ավելի շուտ ոչ թե «Կարպիսի պահով» է, այլ «Կարպիսի շուրջը» տեղի ունեցող պրոցեսի մասին, ինչը չափազանց կարևոր է։

Հեղափոխության սկզբնական շրջանում փողոց էին դուրս եկել գիտակից մարդիկ, որոնք իրենց դիրքորոշումն էին հայտնում, հետո, երբ արդեն հաջողությունը մոտ էր, նրանց միացան լայն զանգվածները, որոնք փողոցում խորոված էին անում, մեքենաներով փողոցներ էին փակում բարձր երաժշտությունը միացրած (ձեզ լավ հայտնի հետույքային աղմուկը նկատը ունեմ, որը մշակույթի բացակայության խորհրդանիշն է), արևածաղիկ էին չրթում և այլն, այդ բոլորը տեսել եք։

Դա մտածելու սահմանափակ պոտենցիալ ունեցող այն քրֆող զանգվածն է, որ հիմա տոն է տալիս սոցիալական ցանցերում։ Այդ զանգվածը դարձավ այսօրվա Հայաստանի մտքի ոստիկանությունը և սկզբնական շրջանում հեղափոխությունը սեփականաշնորհած նոր կառավարության անդամներին դա դուր էր գալիս։ Դա էր խորհրդարանում մեծամասնություն չունեցող «հեղափոխության թիմի»  քրֆող «զոնդեր կոմանդան»։

Սակայն այդ զանգվածը քրֆելու է յուրաքանչյուրին, որի ասածն իրենց ուղեղների համար դժվար է մարսելը, իսկ վաղն այն զբաղվելու է արդեն «հեղափոխության թիմով»։ Կարպիսը առաջին ծիծեռնակն էր, մյուսները հերթում են։

Նման հենարան ոչ մի կառավարության չէի ցանկանա։ Երբ բացակայում է քաղաքականությունը, ապա ցանկացած խոսք պետք է այդ զանգվածի կարծիքի հետ հաշվի նստի։ Դա պետք էր ժամանակին սանձվեր ու մի քանի քրֆողների ցուցադրական դատարան տանել, հիմա վիճակը լրիվ ուրիշ կլիներ, իսկ Կարպիսը կգնար աշխատանքի»։

Աղբյուրը՝ 168.am