Ռեժիմի զոհերը…

Ապօրինաբար անազատության մեջ հայտնված Սամվել Դիլոյանի աջակիցները պահանջում են անհապաղ ազատել նրան՝ նշելով, որ նա ևս ռեժիմի զոհ է։

NEWSPRESS.am—ի միջոցով վանաձորցիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։

«Հայաստանյան բանտերում շարունակում են անազատության մեջ պահվել Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմի պայմաններում քրեական հոդվածներով ապօրինաբար ազատազրկման դատապարտված բազում անմեղ մարդիկ: Անցել է հինգ տարի, բայց վանաձորցիների շրջանում չեն դադարում խոսակցություններն ու քննարկումները՝ հանրապետության ամենաաղմկահարույց պատմություններից մեկի՝ շինծու քրեական մեղադրանքով Սամվել Դիլոյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու և ապօրինաբար նրան հասարակությունից մեկուսացնելու շուրջ:

Վանաձորում բոլորը՝ մեծից փոքր, գիտեն, որ «նախաքննություն և դատաքննություն» ասվածի տակ իրականացվածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ռեժիմին բնորոշ գործելաոճով, ժողովրդի լեզվով ասած՝ «գլխին սարքելու» եղանակով դատաստան բացահայտ անմեղ մարդու հանդեպ, ինչը, ժողովրդի համար հենց սկզբից էլ պարզ էր, որ քաղաքական հեռահար նպատակներ էր հետապնդում: Հանրապետության ամենաերիտասարդ գիտնականներից մեկը՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձոր համայնքի երկու գումարման ավագանու անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Դիլոյանը անառարկելի հեղինակություն էր և է Վանաձոր քաղաքում, խոստումնալից գիտնական և մեծ հարգանք վայելող հանրային գործիչ:

Գաղտնիք չէ, որ ռեժիմը վերահսկողության տակ էր պահում նույնիսկ փոքր խմբերի նկատմամբ աննշան իսկ ազդեցություն ունեցողներին, ուր մնաց ամբողջ համայնքի սերն ու հարգանքը վայելող անձի ճակատագրով չզբաղվեր, այն էլ՝ իր վարած քաղաքականության հետ չհամաձայնող, իր հետ չհամագործակցող անկախ անհատականության:

Ժողովրդի համար ի սկզբանե արդեն ակնհայտ էր, որ Սամվել Դիլոյանին մեկուսացնելով, ինչպես նրա նման այլ մարդկանց դեպքում, ռեժիմը, այսպես ասած, հետագա հնարավոր քաղաքական խոչընդոտներն էր վերացնում իր համար՝ նրա անձով պայմանավորված: Եվ զուտ քաղաքական նկատառումներով, «պոտենցիալ խոչընդոտ» դիտարկվելով՝ անձը հեղինակություն վայելելու համար «պատժվեց» ազատազրկմամբ: Նույնիսկ շինծու սցենարը չկարողացան այնպես տանել, որ շարքային վանաձորցին առաջին իսկ վայրկյանից ականատեսը չդառնար բացահայտ կեղծարարությունների: Հաջորդող ամեն մի դատական նիստում ժողովուրդն ավելի էր համոզվում Դիլոյանի անմեղության մեջ և պահանջում դադարեցնել նրա նկատմամբ ապօրինի հետապնդումը: Նույնիսկ շինծու քրեական գործով անցնող տուժող կողմն էր դատական գործընթացների ժամանակ հայտարարում, որ անմեղ մարդ է հայտնվել մեղադրյալի աթոռին, որ նրա հետ ունեցած անձնական և քաղաքական հարցերը լուծվեն այլ կերպ, ո՛չ իրենց ողբերգության ու վշտի հաշվին: Բազմիցս դիմելով թե՛ դատական, թե երկրի նախկին իշխանություններին՝ տուժողը խնդրում, պահանջում էր չդատապարտել դեպքի, շինծու մեղադրանքի հետ բացարձակապես կապ չունեցող անմեղ մարդուն, չխեղել նրա ճակատագիրը ու իրենց գցել այդ մեղքի բեռի տակ: Բայց ռեժիմի մամլիչ մեքենան գործի էր դրված՝ ընդգծված քաղաքական հրահանգներով: Այդ ամենի մասին դատարաններում հայտարարում էր նաև Սամվել Դիլոյանը:

Պահանջատեր վանաձորցիներն այդպես էլ չհաշտվեցին Սամվել Դիլոյանի ապօրինի մեկուսացման հետ, ներկայիս իշխանություններից ակնկալում են վերանայել նշված ապօրինի քրեական գործը և վերահաստատել Սամվել Դիլոյանի անմեղությունը: Քաղաքի բնակչությունը պատրաստվում է մինչև իսկ իր ձայնը անձամբ հասցնել համաժողովրդական առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ժողովուրդը միայն նրան է վստահում ռեժիմի կողմից ապօրինի հետապնդումների ենթարկված, քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներին ազատություն շնորհելու գործընթացը, և համոզված է, որ երկրում ժողովրդավարական կարգերի ու օրենքի հաստատման պայմաններում բացարձակ անմեղ մարդը օր անգամ ավել չպետք է մնա անազատության մեջ:

Մտահոգ Վանաձորցիներ»