10,9 մլրդ դոլար. Wildberries-ի հիմնադիրը ՌԴ ամենահարուստ կինն է. Bloomberg-ի անդրադարձը

Wildberries ռուսական խոշորագույն առցանց խանութի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկն ընդգրկվել է 15 ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Բակալչուկի կարողությունը ներկայում կազմում է 10,9 միլիարդ ԱՄՆ դոլար, որի շնորհիվ նա ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Միևնույն ժամանակ այս պահի դրությամբ Բակալչուկը համարվում է Ռուսաստանի ամենահարուստ կինը:

Նշվում է՝ 2020 թվականի սկզբից Բակալչուկի կարողությունն աճել է ավելի քան 20 տոկոսով կամ 1,85 մլրդ ԱՄՆ դոլարով: Աշխարհի միլիարդատերերի ընդհանուր ցուցակում Wildberries-ի ղեկավարը 205-րդ տեղում է:

2020 թվականին, 2019-ի համետատ, խոշորագույն ռուսական առցանց խանութի ապրանքաշրջանառության ծավալները գրեթե կրկնապատկվել են՝ կազմելով շուրջ 5,9 միլիարդ դոլար:

Նշենք՝ Wildberries-ը ռուսական ամենամեծ առցանց մանրածախ խանութն է: Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Այն գործում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Սլովակիայում, Իսրայելում և Գերմանիայում:

Բակալչուկը հայտարարել է, որ շուտով ընկերությունը կներկայացվի նաև Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում, գրում է Reuters-ը: