5 համեղ ու օգտակար մթերք, որոնք օգնում են պայքարել օրգանիզմի ծերացման դեմ

Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն երբեմն մարդկանց կենսակերպն ու վատ սովորություններն էլ ավելի են արագացնում այդ գործընթացը՝ դառնալով վաղաժամ ծերացման պատճառ։ Այդ գործընթացի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում նաև մարդու սննդակարգը, քանի որ հենց այս գործոնից է կախված մարդու կյանքի տևողությունն ու առողջական վիճակը։ Մանսագետների խոսքով՝ ճիշտ կազմված սննդակարգն օգնում է պայքարել վաղաժամ ծերացման դեմ ու պահպանում է երիտասարդությունը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հակատարիքային ազդեցությամբ օժտված սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք հարկավոր է անպայման մշտական սննդակարգի մասը դարձնել։

Սոյա

Տասնամյակներ շարունակ ասիական խոհանոցի հիմնական բաղադրիչներից մեկը համարվող այս մթերքը հարուստ է իզոֆլավոններով՝ բուսական էստրոգենի մի տեսակով, որը շատ օգտակար է օրգանիզմի համար։ Իզոֆլավոններն օժտված են հակաբորբոքային, հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային ու հակամանրէային հատկություններով, ինչը նշանակում է, որ դրանք օգնում են կարգավորել օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացները, պաշտպանում են քաղցկեղի որոշակի տեսակներից ու դանդաղեցնում են բջիջների ծերացումը։

Ստեպղին (գազար)

Ստեպղինը բանջարեղենի ամենատարածված տեսակներից մեկն է, որը հարուստ է հսկայական քանակությամբ բետա-կարոտինով՝ մթերքի վառ նարնջագույն երանգն ապահովող տարրով։ Մարդու օրգանիզմում բետա-կարոտինը վերածվում է վիտամին  A-ի՝ մասնակցելով իմունային գործառույթներին, տեսողության գործընթացներին, վերարտադրողական համակարգի գործընթացներին ու բջջային կապերի հաստատմանը։ Մարդու օրգանիզմը չի կարող ինքնուրույն սինթեզել այս տարրը, ուստի պետք է ստանա այն սննդից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կարոտինոիդներով հարուստ սննդամթերքի տեսակները պաշտպանում են ցանցաթաղանթի տարիքային դեգեներացիայից ու ծերությամբ պայմանավորված տեսողական այլ խանգարումներից, ուստի դրանք սննդակարգում ներառելը շատ կարևոր է։

Խաչածաղկավոր բանջարեղեն

Բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, բողկը, ծաղկակաղամբն ու խաչածաղկավորների դասին պատկանող բանջարեղենի մյուս տեսակները նույնպես շատ կարևոր են օրգանիզմի համար։ Դրանք հարուստ են մեծ քանակությամբ սննդարար նյութերով, այդ թվում նաև վիտամիններով, հանքանյութերով ու կարոտինոիդներով։ Բացի այդ, խաչածաղկավոր բանջարեղենը հարուստ է գլյուկոզինոլատներով, որոնք կարգավորում են օրգանիզմի ռեակցիան սթրեսին ու բորբոքումներին, օժտված են հակամանրէային հատկություններով, ինչպես նաև դանդաղեցնում են ծերացման գործընթացները։

Սաղմոն

Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե միսը լուրջ վնաս է հասցնում է առողջությանը, ապա ձուկը հակառակ ազդեցությունն է ունենում և շատ կարևոր է առողջության պահպանման համար։ Ամենաօգտակար ձկնատեսակներից մեկը համարվում է սաղմոնը, որը հարուստ է սպիտակուցներով ու օմեգա-3 ճարպաթթուներով։ Այս տարրերը շատ օգտակար են գլխուղեղի համար և կանխում են տարիքի հետ կոգնիտիվ գործառույթների թուլացումը, ուստի սննդակարգում սաղմոն ներառելը կարող է շատ օգտակար լինել։

Ցիտրուսային մրգեր

Նարինջը, մանդարինը, թուրինջը, կիտրոնը և վիտամին C-ով հարուստ այլ ցիտրուսային մրգերը նույնպես շատ կարևոր են երիտասարդության պահպանման համար։ Դրանք հզոր հակաօքսիդանտներ են, որոնք նվազեցնում են բորբոքային գործընթացներ։ Բացի այդ, այս մրգերը պարունակում են նաև մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք զգալիորեն երկարացնում են մարդու կյանքի տևողությունը։ 

Նյութի աղբյուրը՝ medicalnewstoday.com.