Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց «ՌիվերՍայդ» drive-in cinema-ի համահիմնադիր և տնօրեն Բաբկեն Մելիքյանը, նախագծի գաղափարը վաղուց էր ծագել:
«Միտքը շուտվանից ունեինք, բայց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը խանգարեց: Մյուս կողմից՝ այս պայմաններում նման կինոթատրոնի կարիքն ավելի է զգացվում, քանի որ այլ կինոթատրոններ չեն գործում, և մեզ մոտ անվտանգ է լինելու: Այն, ինչ մենք հիմա ստեղծում ենք ընկերներով, ջահել ժամանակ ամերիկյան ֆիլմերում էինք տեսնում ու մտածում՝ ինչ լավ կլիներ, որ մեզ մոտ էլ լիներ նման բան», – նշեց Բաբկենը:
Ավտոկինոթատրոնը կբացվի մինչև հուլիսի կեսերը, հստակ օրը դեռ հայտնի չէ: Այն կտեղակայվի «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում:
Այն նախատեսված կլինի 82 ամտոմեքենայի համար: Պլանավորվում է օրական երկու կինոդիտում անցկացնել. ցուցադրվելու են թե միջազգային կինոպրեմիերաներ, թե այլ ֆիլմեր: Հանդիսատեսը ֆիլմի ձայնը լսելու է անմիջապես իրենց մեքենայի ներսում՝ բարձրախոսներից:
«Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են երեկոյան: Ցուցադրելու ենք կինոպրեմիերաներ, բայց շաբաթվա մեջ կունենանք օրեր, երբ արտհաուսային ֆիլմեր կցուցադրվեն: 14 մետրանոց էկրան կլինի: Տոմսի արժեքը կլինի 6000 դրամ 1 մեքենայի համար՝ անկախ դրանում գտնվող անձանց քանակից», – պատմեց նախագծի համահիմնադիրը:
Նրա խոսքով՝ տարածքում կգործի նաև սննդի կետ, որտեղից պատվեր կարելի է անել անմիջապես ավտոմեքենայի միջից կինոդիտումից առաջ կամ ընթացքում՝ գրելով ավտոկինոթատրոնի վեբկայքի կամ ֆեյսբուքյան էջի չատբոտին:
«Զվարճանքի վայրի համար 5000 քմ տարածք ենք առանձնացրել: Նախագիծը հետագայում որպես մեծ զվարճանքի բացօթյա վայր ենք նախատեսում. այն գտնվում է ձորում, գետի ափին, կարելի է «քաղաքից դուրս» ֆորմատով հանգիստ անցկացնել վրաններով և այլն», – նշեց Բաբկենը:
Աղբյուրը՝ panarmenian.net