Հինգ մթերք, որոնց գործածությունը հանգեցնում է տրամադրության վատթարացման

Բոլորին էլ հայտնի է, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք վնասակար են առողջության ու կազմվածքի համար, սակայն քչերին է հայտնի, որ կան նաև այնպիսինները, որոնք բացասաբար են անդրադառնում տրամադրության վրա։ Մասնագետները ներկայացրել են հինգ մթերք, որոնցից հարկավոր է հրաժարվել տրամադրության անկումից խուսափելու համար։

Թխվածքներ

Թխվածքաբլիթները, տորթերը, կարկանդակներն ու նմանատիպ այլ մթերքը սովորաբար հարուստ է լինում բաղադրիչներով, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ տրամադրության վրա։ Նման բաղադրիչներից են շաքարն ու օսլան, որոնք շատ արագ տարրալուծվում են ու վերածվում գլյուկոզայի՝ հանգեցնելով արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների։

Կարտոֆիլ ֆրի

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառ կարող է դառնալ նաև կարտոֆիլ ֆրին։ Իրականում գլյուկոզան դրական ազդեցություն է ունենում գլխուղեղի վրա՝ խթանելով օրգանի աշխատանքը, սակայն միևնույն ժամանակ դրա մակարդակի նվազումը կարող է դառնալ նաև տրամադրության կտրուկ անկման պատճառ։

Կոֆեին

Կոֆեին պարունակող ըմպելիքների գործածությունն ստիպում է մարդու գլխուղեղին արտադրել ավելի շատ դոֆամին ու սերոտոնին, սակայն միևնույն ժամանակ նման ըմպելիքների չարաշահումը կարող է դառնալ անհանգստության ու դյուրագրգիռության պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել կոֆեին պարունակող ըմպելիքները՝ օրական խմելով առավելագույնը չորս բաժակ սուրճ կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիք։

Գազավորված ըմպելիքներ

Գազավորված քաղցր ըմպելիքները պարունակում են պարզ շաքարներ, որոնք օրգանիզմը շատ արագ է յուրացնում, ինչն էլ հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման ու նույնքան կտրուկ անկման։ Միևնույն ժամանակ դիետիկ գազավորված ըմպելիքներում կիրառվում են արհեստական քաղցրացուցիչներ, որոնց գործածությունը կարող է դառնալ անհանգստության կամ չափազանց անտարբերության պատճառ։

Ալկոհոլ

Ալկոհոլային ըմպելիքները «բթացնում» են կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, որը պատասխանատու է հույզերի, մտքերի և անգամ պահվածքի համար։ Ընդ որում՝ երբ ալկոհոլը դուրս է գալիս օրգանիզմից, տրամադրությունը միայն էլ ավելի է վատթարանում։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ոգելից խմիչքները միայն չափավոր քանակությամբ։ Օրինակ՝ օրական կարելի է օգտագործել ընդամենը մի բաժակ գարեջուր կամ գինի։

Նյութի աղբյուրը՝ med2.ru