«Շանթը» նորություն ունի․ գրանցած հաջողությունը եթեր կբերի նոր հեռուստասերիալ (Տեսանյութ, լուսանկարներ)

«Շանթ» հեռուստաընկերությունն, ինչպես երևում է, հաջողել է կորեական հեռուստասերիալների ցուցադրության հարցում․ ամենավարկանիշային «Արևի հետնորդների» ցուցադրությունից հետո Շանթը նախաձեռնել է  շարունակել դորամաների հեռարձակումը։
Ինչպես տեղեկանում ենք հոլովակից, կորեական սերիալների սիրահարներին այս անգամ հայերեն թարգմանությամբ սպասում է որակապես և ռեյթինգով նախորդին չզիջող «Սերը լուսնի լույսի տակ» դորաման։
Հարավկորեական այս հեռուստասերիալի հիմքում երիտասարդական սիրո պատմություն է․ դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարում Ջոսոն դինաստիայում։  Ու թեպետ  դորամայի հիմքում վաղեմություն ունեցող պատմություն է,  բայց ստեղծագործական ու նկարահանող թիմը բազմիցս է նշել՝ իրենց նպատակը ժամանակակից ուղերձ փոխանցելն է. «Մեր նպատակը սիրո պատմության կերտումն է, որը ռոմանտիկ ու գեղեցիկ է, բայց միաժամանակ նաև տխուր: Մենք ցանկանում ենք, որ հեռուստադիտողները կարողանան գտնել իրենց, նույնացնել իրենց զգացմունքները»,-ասուլիսներից մեկի ժամանակ ասել է  տնօրեն Կիմ Սունգ Յուն՝ հավելելով, որ քաղաքական ուղերձները հրապարակելու փոխարեն իրենք կենտրոնացել են այն բանի վրա, որ ներկայացնեն պատմություն, որին շատերը կապրումակցեն։

Հեռուստասերիալի հիմքում «Ամպերով նկարված լուսնի լույսը» վեպն է, որի հիման վրա սերիալից բացի նկարահանվել է նաև ֆիլմ։

Ի դեպ, այս սերիալի սիրահարները մեծ թիվ են կազմում ոչ միայն Կորեայում, այլև ողջ աշխարհում․ դորաման այն աստիճան է տարածում գտել, որ մամուլում սերիալի սիրահարների համար շրջանառության մեջ է դրվել հատուկ արտահայտություն՝ «Լուսնի սինդրոմ»։ Դիտումները, գրանցած հաջողությունները, մրցանակներն ու միլիոնավոր երկրպագուները փաստն են այն բանի, որ լուսնի սինդրոմով շատերն են վարակվել։ Պատմությունը շատերի սրտին է հասել․ պատմություն, որի կենտրոնում թագավորի որդի է՝գահի միակ ժառանգորդը, պայծառ ու խելացի 19-ամյա Լի Յոնգն է։ Նա սովորական տղայից դառնում է հարգված միապետ և սկսում են նրա և Հոնգ Րա Օնի հետաքրքիր ու դիտարժան հարաբերությունները։

Բարձր վարկանիշի, լայն տարածման շնորհիվ առաջարկվել է դորամայի նախնական 18 էպիզոդի փոխարեն նկարահանել 20-ը, սակայն գլխավոր պրոդյուսեր Կանգ Բունգ Թեկը հրաժարվել է՝ նշելով, որ սյուժեն հստակ ասելիք ունի, և նոր նկարահանումնները հավելյալ բարդություններ կստեղծեն։

Ինչպես կորեական մյուս դորամաներում, այս դեպքում ևս սերիալին զուգահեռ միլիոնավոր դիտումներ ունեն նաև այս սերիալի սաունդտրեքները։

ArenaNews.am