5 արդյունավետ բնական միջոց գլխացավերն առանց դեղամիջոցների մեղմելու համար

Գլխացավն ամենատարածված խնդիրներից է, որը կարող է պայմանավորված լինել սթրեսով, հոգնածությամբ, առողջական որոշակի խնդիրներով և մի շարք այլ պատճառներով։ Նման տհաճ զգացողությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնաարվորինս շուտ ազատվել ցավից։ 

Գլխացավերը մեղմելու համար մարդիկ սովորաբար ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն լինում են դեպքեր, երբ ցավը կտրուկ է ի հայտ գալիս, իսկ ցավազրկող միջոց ձեռքի տակ չի լինում։ Բացի այդ, շատերը պարզապես խուսափում են ցավազրկողներից, քանի որ դրանք բավական լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող են դադարել օգնել։ Նման դեպքերում օգնության են հասնում փորձված հնարքները, որոնք օգնում են շատ արագ մեղմել ցավն ու կանխել խնդրի կրկնությունը։ Ճիշտ միջոցների կիրառման դեպքում գլխացավից հեշտությամբ կարելի է ազատվել անգամ առանց դեղորայքի, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը։

Գոլ ջուր

Օրգանիզմի ջրազրկումը բացասաբար է անդրադառնում մետաբոլիկ գործընթացների վրա և կարող է դառնալ գլխացավի պատճառ։ Տհաճ զգացողություններից ազատվելու համար հարկավոր է օրվա ընթացքում ավելի շատ ջուր խմել։ Ընդ որում՝ ցանկալի է, որ այն լինի գոլ։ Ջուրը կօգնի կարգավորել աղիների աշխատանքն ու դուրս բերել օրգանիզմից այն տոքսինները, որոնք էլ հենց պատասխանատու են տհաճ զգացողությունների համար։

Հալած յուղ

Հալած յուղը նույնպես հիանալի միջոց է գլխացավի դեմ պայքարի համար։ Այն հատկապես արդյունավետ է քրոնիկ փորկապությամբ պայմանավորված գլխացավի դեպքում։ Ամեն օր մի փոքր հալած յուղ օգտագործելը կօգնի վերականգնել աղիների աշխատանքն ու կազատի գլխացավերից։ Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է հալած յուղն օգտագործել տաք բրնձի հետ։ Բացի այդ, գլխացավի նոպաների դեպքում կարելի է կաթեցնել յուղը քթանցքերի մեջ և մի փոքր պառկել։

Կոճապղպեղով թեյ

Կոճապղպեղով թեյը շատ օգտակար է առողջական ամենատարբեր խնդիրների, այդ թվում նաև գլխացավերի դեպքում։ Պարզապես հարկավոր է մի կտոր կոճապղպեղը մանրացնել, ավելացնել ջուր ու եռացնել։ Եփուկն անհրաժեշտ է քամել և խմել գոլ վիճակում։ Այս համեղ ու բուրավետ ըմպելիքը կօգնի շատ արագ մեղմել գլխացավն ու բարելավել ինքնազգացողությունը։

Ինհալացիաներ

Եթե գլխացավերը պայմանավորված են քթի խոռոչներում առաջացած լճացումներով, ապա շատ արդյունավետ կարող են լինել տաք գոլորշիով ինհալացիաները, որոնք կօգնեն մաքրել խոռոչները կուտակված լորձից։ Պարզապես հարկավոր է գլուխը ծածկել սրբիչով և մի քանի րոպե շնչել ջրից բարձրացող տաք գոլորշին։ Պրոցեդուրան ավելի արդյունավետ դարձնելու համար կարելի է ջրին նաև մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել։

Մկանները ձգող վարժություններ

Որոշ դեպքերում գլխացավերն ուղեկցվում են պարանոցի և ուսերի շարժումների կաշկանդվածությամբ ու մկանների ձգվածությամբ, ուստի ցավը մեղմելու հիանալի միջոց կարող են կինել այդ հատվածների մկանները թուլացնող վարժությունները։ Ընդ որում՝ անգամ ամենապարզ վարժությունները կօգնեն զգալիորեն նվազեցնել ցավի ինտենսիվությունը։ Օրինակ՝ կարելի է կզակը հնարավորինս իջեցնել, այնուհետև բարձրացնել, պտտել գլուխն աջ և ձախ։ Կարելի է նաև դանդաղ ու սահուն շարժումներով պտտել գլուխը նախ ժամացույցի սլաքի ուղղությամբ, ապա՝ հակառակ։

Նյութի աղբյուրը՝ The Health Site