Ինչ դրական փոփոխություններ տեղի կունենան օրգանիզմում մսամթերքից հրաժարվելու դեպքում

Բուսական սննդակարգը վերջին տարիներին լայն տարածում է գտել, քանի որ համարվում է ավելի օգտակար և քիչ վնասակար, իսկ կենդանապաշտպաններն առհասարակ հորդորում են հրաժարվել մսամթերքից ապագայում կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված համավարակի նման այլ համավարակներից խուսափելու համար, սակայն մարդիկ շարունակում են միս ու միսամթերք օգտագործել՝ նշելով, որ դրանք պարունակում են օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ տարրեր։

Մսամթերքն իսկապես պարունակում է օգտակար տարրեր, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար, սակայն այնուամենայնիվ մսից հրաժարվելն ու բուսական սննդակարգով սնվելը կարող է շատ օգտակար լինել և դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Մասնագետները ներկայացրել են, թե ինչ դրական փոփոխություններ տեղի կունենան օրգանիզմում մսամթերքից հրաժարվելու դեպքում։

Քաշի նվազում

«Journal of the Academy of Nutrition and Dietetics» պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ բուսական մթերքն օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Միջինում բուսական սննդամթերքի շնորհիվ կարելի է նվազեցնել քաշը մոտ 3,5 կիլոգրամով։

Խոլեստերինի մակարդակի նվազում

Բուսական սննդակարգի շնորհիվ նվազում են նաև խոլեստերինի ցուցանիշները։ Մեծ մասամբ այս տարրի մակարդակը կապված է գենետիկական նախատրամադրվածության հետ, սակայն իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական վարժությունները։ 

Մաշկի վիճակի բարելավում

Ներքին օրգանների և հատկապես աղիների հետ կապված խնդիրները հաճախ իրենց արտացոլումն են ունենում նաև մաշկի վրա, ուստի սննդակարգն այս հարցում շատ մեծ նշանակություն ունի։ Մսամթերքից հրաժարվելը կօգնի զգալիորեն բարելավել մաշկի վիճակն ու մեղմել այնպիսի խնդիրների դրսևորումները, ինչպիսին են ակնեն, էկզեման կամ ռոզացեան։

Սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության նվազում

2014 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգից մսամթերքի բացառումն օգնում է նվազեցնել սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը, սակայն հարկ է հիշել, որ նման արդյունքի չի հաջողվի հասնել, եթե մսամթերքի փոխարեն սննդակարգում ներառված լինեն չիպսեր, բլիթներ և բարձր կալորիականություն ունեցող այլ մթերք։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru