«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին կանցկացվի նոյեմբերի 1-8-ը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին տեղի կունենա նոյեմբերի 1-8-ը: Այս մասին հաղորդագրություն է զետեղված փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Փառատոնի թիմն այս օրերին ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19­ը «Ոսկե ծիրան»-ի անցկացման հետ, քանի որ թե՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե՛ իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե՛ գործընկեր փառատոնների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի»,-ասվում է գրառման մեջ:

Երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին նպատակահարմար է համարել փառատոնն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը: Այլ սցենարներ ևս կան, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը:

«Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի: Այս անգամ մենք հուլիսին չենք հանդիպի, բայց հույս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք «Ոսկե ծիրան» տոնը»,-նշվում է հաղորդագրությունում:

168