YouTube-ն արգելել է վիրավորանք և քողարկված սպառնալիք պարունակող հոլովակները. հարվածի տակ է նաև Թրամփը

Հանրահայտ YouTube կայքն այլևս թույլ չի տա որևէ մեկի  նկատմամբ ռասայական, գենդերային պատկանելիության, սեռական կողմնորոշման հիմքով կոպիտ վիրավորանք պարունակող հոլովակների հրապարակումն ու տարածումը:

Ինչպես հայտնում է bbc.com-ը, բացի այդ, մեդիահարթակը կարգելի քողարկված սպառնալիք կամ բռնության կոչ, որևէ մեկի մասին անձնական տեղեկություն պարունակող հոլովակները:

Յութուբյան կանոնադրությունը փոխելու անհրաժեշտությունն առաջացել է այս տարվա հունիսին տեղի ունեցած սկանդալից հետո, երբ հարթակի հայտնի աստղերից մեկն իր տեսահոլովակում վիրավորել էր մեկ այլ յութուբյան աստղի՝ ծաղրելով նրա ծագումն ու ոչ ավանդական սեռական կողմնորոշումը:

Այն ժամանակ YouTube-ից հայտնել էին, որ կայքի կանոնադրությունը չի խախտվել, սակայն այժմ նմանատիպ բազմաթիվ խնդրահարույց տեսահոլովակներ արդեն հեռացվել են:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր քաղաքականության արդյունքում կայքից կարող են հեռացվել նաև  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հոլովակները, որոնցում նա դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենին «Պոկահոնտաս» է անվանում ու ծաղրում նրա էթնիկ ծագումը:

Tert.am