Մեծ Բրիտանիայի բնակիչը 135,8 մլն դոլար է շահել վիճակախաղով

Մեծ Բրիտանիայի բնակիչը շահել է EuroMillions վիճակախաղի ջեքփոթը 135,8 մլն դոլարի չափով: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակախաղի ներկայացուցիչ Էնդի Քարթերին։ Նրա խոսքով՝ սա EuroMillions-ի արդեն վեցերորդ ջեքփոթն է, որն այս տարի շահել են Բրիտանական կղզիներում ձեռք բերված տոմսերի տերերը:

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը EuroMillions-ով շահել էր ավելի քան 208 մլն դոլար՝ այդ վիճակախաղի ռեկորդային գումար թագավորության պատմության մեջ: Նա միանգամից մտավ երկրի հազար ամենահարուստ մարդկանց ցուցակ, որն ամեն տարի հրապարակում է The Sunday Times թերթը: 2019 թվականի համար հրատարակության վարկանիշում ջեքփոթի շահողն առաջ է անցել երգիչներ Թոմ Ջոնսից եւ Էդ Շիրանից: Վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել են հնդիկ ձեռնարկատերեր Շրի եւ Գոփի Ինդույաները՝ 28,5 մլրդ դոլարով:

Միացյալ Թագավորության տարածքում վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ մրցանակը (223 մլն դոլար) 2011 թվականին ստացել է Քոլին եւ Քրիս Վեյրեր ընտանեկան զույգը՝ Շոտլանդիայից:
EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում է 2004 թվականից: Հաղթողն իրավունք ունի մնալու անանուն, դրանից օգտվում է եվրոպացիների ճնշող մեծամասնությունը, որոնք մեկ ակնթարթում խոշոր կարողության տեր են դառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am